ԿարևորՀասարակություն

Խախտումներ՝ 49-ից 49-ում․ ո՞ր նորմերն են հիվանդանոցներում ավելի շատ խախտվում

Խախտումներ՝ 49-ից 49-ում էլ․ ո՞ր նորմերն են հիվանդանոցներում ավելի շատ խախտվում

Խախտումներ՝ 49-ից 49-ում. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականին հանրապետության բժշկական կենտրոններում իրականացրել է մաշտաբային ստուգումներ։ Բոլոր հիմնարկներում էլ, ըստ տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանի, արձանագրվել են խախտումներ, ընդ որում՝ նույնանման։

Փաստաթղթաշրջանառության թերի վարում, լիցենզավորման պարտադիր պայման-պահանջների խախտում, ինչպես նաև բժշկական կադրերի ոչ լիարժեք վերապատրաստում՝ դիտարկված հիմնական խնդիրներն են։ Ստուգման ավարտին տրվում է կարգադրագիր-հանձնարարագիր եւ մինչև երկու ամիս ժամանակ՝ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև կիրառվում են վարչական տույժեր։

Արդեն ստուգված 49 բժշկական հիմնարկից 20-ում վերստուգումները պարզել են, որ խնդիրների մի մասը վերացվել է։ Հակառակ դեպքում՝ կրկին վարչական տույժեր են նշանակվել։

Վերահսկող կառույցի կողմից 2021-ին արձանագրված թերությունների համար իրականացվել է 210 վարչական վարույթ, որից 30-ը՝ ԱԱՏՄ-ին ուղղված բողոքների հիման վրա, մյուս մասը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Փաստաթղթերի թերի լրացման համար օրենքով սահմանված է 20-30 հազար դրամ վարչական տույժ, ընդհանրապես չվարելու համար՝ 50-70 հազար դրամ։ 

2022-ին ավելի շատ բժշկական կենտրոններում ստուգումներ կիրականացվեն․ դրանք առավել ռիսկային գոտում են

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումների 2022-ի տարեկան ծրագրում պարտադիր ստուգման ենթակա բժշկական հիմնարկների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2021-ի 49-ից հասնելով 80-ի։ Վարչության պետը դա բացատրում է նրանով, որ հիվանդանոցներն առավել ռիսկային գոտում են գտնվում։ Այս տարի ստուգված մի քանի ԲԿ-ներ բարձր ռիսկայնության պատճառով ներառվել են նաեւ հաջորդ տարվա ստուգման ծրագրում։

Ստուգումների ցանկում են բազմապրոֆիլ հիվանդանոցներ, ստոմատոլոգիական կենտրոններ, լաբորատորիաներ, գյուղական ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, նաև մոնոպրոֆիլ՝ նեղ մասնագիտական ծառայություններ։

Այս պահին ՀՀ–ում գործում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 4000-4500 լիցենզավորված կազմակերպություն։ 

Տեսչական մարմինը սկսել է վարչարարություն իրականացնել բուժական մեթոդի գովազդի նկատմամբ

Կառույցը վերահսկում է նաեւ բժշկական օգնության և սպասարկման գովազդը։ Յուրաքանչյուր տնտեսվարող, եթե գովազդում է իր մատուցած բժշկական ծառայությունը, որտեղ ներկայացվում է բժշկական տեսակը կամ բժշկի կողմից իրականացվող բուժական  մեթոդը, պետք է ունենա առողջապահության նախարարության կողմից գովազդի թույլտվություն։ Այս պահանջներին չենթարկվելու դեպքում բժշկական կենտրոնը ենթարկվում է վարչական տույժի։

Բժիշկները կարող են սոցցանցերի իրենց անձնական էջերում իրենց գործունեության մասին տեղեկություն տեղադրել, բայց եթե տեղադրվում է բժշկական կենտրոնի վերաբերյալ տեղեկատվություն, դա դիտարկվում է գովազդ՝ առանց համապատասխան թույլտվության։ Այս դեպքում բժշկական կենտրոնի հանդեպ կիրառվում է վարչական տույժ։

«Մի՜ նեղացեք»․ տեսչականի վերջնանպատակը տուգանելը չէ

 «Ստուգումների արդյունքում մեզ համար մի բան պարզ դարձավ, որ մեր բժիշկ գործընկերները երբեմն  իրավական ակտերին լավ իրազեկված չեն, ինչը խոչընդոտում է բժշկական աշխատանքի ավելի արդյունավետ և որակյալ կազմակերպմանը։ Խախտումների դեպքում կիրառվող վարչական տույժերը, բնականաբար, կարող են դժգոհություն առաջացնել բժշկական հանրույթի մոտ։ Սակայն ես ուզում եմ ասել, որ սա արվում է  հանուն Ձեզ։ Տուգանքի կիրառումը տեսչականի համար ինքնանպատակ չէ։ Մեր գործառույթներն ուղղված են առավելապես իրազեկմանը, խնդիրների կանխարգելմանը, որպեսզի բժիշկներն ավելի արդյունավետ աշխատեն։ Փաստաթղթերը ճիշտ լրացնելը նաեւ բժշկի համար է կարեւոր․ եթե հանկարծ որեւէ հիվանդի մասով գործը տեղափոխվի իրավական հարթություն, բժիշկն իր վարած ճիշտ փաստաթղթաշրջանառության դեպքում կարող է իրեն պաշտպանել»,-ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Բժիշկները շատ հաճախ չեն անցնում անհրաժեշտ վերապատրաստումը

Սա բժշկական հաստատություններում տեսչականի արձանագրած ամենահաճախակի խնդիրներից է։ Նրանք պետք է  համապատասխան վերապատրաստում անցնեն ամեն 5 տարին մեկ։ Բայց այդ նորմից շեղումները համատարած են։

«Խնդիրները մի պահ պայմանավորվում էին համավարակով եւ պատերազմով, սակայն  արդեն բարելավման միտում կա»,-ասում է Քրիստինե Աբրահամյանը։

Հատկապես ակնառու են խնդիրները մարզերում, որտեղ կադրային ներուժի պակաս կա, սակայն քաղաքացին իրավունք ունի ստանալու տվյալ մասնագիտական ծառայությունը։ «Մենք համագործակցում ենք ԱՆ-ի հետ՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի։ Կա ծրագիր, որով բժիշկներին առաջարկվում է օրդինատուրան անցնել անվճար, սակայն պայմանով, որ հետագայում 5 տարի ժամկետով աշխատեն մարզերում։

Խնդիր ենք ունենում մարզերի բժիշկների հետ վերապատրաստման կազմակերպման առումով։ Սակայն վերջերս իրականացվում է նաև հեռավար ուսուցում»։

Ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում սարքավորումների համալրման խնդիր կա

Լիցենզավորման պարտադիր պահանջ-պայմաններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առողջության առաջնային պահպանման օղակում տեխնիկական հագեցվածության խնդիրներ կան։ Երբեմն սարքավորումների մեծ մասն արդեն հնացած է, մի մասն էլ օգտագործման ենթակա չէ, և պետք է հատուկ ընթացակարգերով համալրվեն այդ գործիքները, քանի որ տվյալ կենտրոնները ֆինանսավորվում են պետության կողմից։

Back to top button