ԿարևորՀասարակություն

Ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհահատվածի վերականգնումը

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհահատվածի վերականգնումը։

Ճանապարհը սկիզբ է առնում /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի /Հ-45/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաստակերտ բնակավայրի մուտքից, անցնում Նժդեհ բնակավայրով և հասնում Ցղունիի վերջը: Վերականգնված ճանապարհահատվածը կապում է նշված բնակավայրերը Սիսիան քաղաքի հետ: Բացի հիմնական ճանապարհից, նորոգվել է նաև Նժդեհ գյուղի՝ դեպի դպրոց տանող իջատեղը:

Վերականգնված ճանապարհահատվածի երթևեկելի մասի մոտ 1.2կմ-ն ասֆալտբետոնե ծածկով է, իսկ 4.2կմ-ն՝ ավազակոպճային ծածկով:

Մինչև նորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը գտնվում էին վատ վիճակում. բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Հողային պաստառի պարամետրերը չէին համապատասխանում նորմատիվային պահանջներին: Բացակայում էին ջրահեռացման  համակարգն ու անվտանգության էլեմենտները:

Կապալառու կազմակերպության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային հագուստը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողային առուներն ու կողնակները, գյուղամիջյան հատվածում կառուցվել են մայթեր, տեղադրվել են անվտանգության տարրեր և այլն։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Back to top button