ԿարևորՀասարակություն

Վարչապետի որոշմամբ կսկսվի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը

Կմեկնարկի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը: Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշումով սահմանվում է, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են Արդարադատության նախարարը, որը նաև լինելու է խորհրդի նախագահը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև մեկական պատգամավոր Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից և մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից:

Խորհրդի կազմում կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: Ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):

Խորհրդի աշխատանքներում կներգրավվի նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: Առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ, խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ.

Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ.

Հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:

Back to top button