ԿարևորՄշակույթ

60 տարի բեմում․ Ռուբեն Մաթևոսյանը 80 տարեկան է

Մաեստրո  Ռուբեն Մաթևոսյանը  80 տարեկան է։  Այդ տարիներից 60–նն անցել են բեմում։ Մաթևոսյանի երգն ուղեկցել է մի քանի սերունդների, դարձել հարազատ, ժողովրդական երգի մասին պատկերացում ու ճաշակ ձևավորել։ 

Հանրային ռադիոյի տնօրինությունն անակնկալի է բերել սիրելի երգչին՝ նրան «բերման ենթարկելով» ռադիոյի լեգենդար 6 –րդ ստուդիայի նախասրահ։ Այնտեղ հավաքվել են նրա ընկերները, արվեստի երկրպագուներն ու կոլեգաները։ Դեկտեմբերի 25-ին  Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռուբեն Մաթևոսյանի հոբելյանին նվիրված մեծ համերգն է։

Հանրային ռադիոյի լեգենդար ստուդիայի նախասրահում նրա ընկերներն են, արվեստի երկրպագուներն ու կոլեգաները։ Քիչ անց ներս կմտնի նաև հոբելյարը։ Մինչև նրա մուտքը երգչուհի Ռիմա Սարիբեկյանը կամացուկ երգում է Ռուբեն Մաթևոսյանի երգերից  ու ասում՝ նա հրաշալի մարդ է։

«Պարզ, մաքուր, ջինջ հոգի։ Ինչպես ինքն էր ասում եթե մարդ կարողանում է լավ երգել ու հոգով փոխանցել ամեն ինչ, ուրեմն նա չի կարող վատ մարդ լինել»

Հանրային ռադիոյի  երաժշտական հաղորդումների խմբագիր Ալիսա Քալանթարյանն ասում է՝ մեծացել է Ռուբեն Մաթևոսյանի երգերի ուղեկցությամբ․ մաեստրոյի երգերը  միշտ հնչում էին ռադիոյով։

«Ես մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որ Ռուբեն Մաթևոսյանին համարում ենք ժողովրդական երգի վարպետ ու դա այդպես էլ կա, բայց միայն ժողովրդական երգով չէ,  որ նա հայտնի է։ Հայ կոպոզիտորների երգեր, ռոմանսներ,  էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ ունի  երգեր, որոնց կնախանձեն բազմաթիվ էստրադային երգիչներ»։

Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը ժպիտը դեմքին հիշում է երանելի ժամանակները, երբ հանդիպում էին Հանրային հեռուստատեսությունում․ ամեն  հանդիպում  վերածվում էր տոնի։

«Ես ուզում եմ, որ ինքը ինչպես առաջներում՝ խորհրդային տարիներին, սպասված, ցանկալի  հյուր է եղել, այդպես էլ մնա, որ ևս տասնյակ տարիներ մեր մաեստրոն մեր  կողքին լինի»

Հարցազրուցն ընդհատվում է, սենյակն են մտնում  արևիկցիները։ Մինչև Մաթևոսյանի գալը պետք է  ամեն ինչ  պատրաստ լինի։ Ամբողջ խառնաշփոթի  հեղինակը Հանրային ռադիոյի տնօրիունությունն է։

Մաեստրոն հուզված է, չի կարողանում թաքցնել արցունքներն  ու խոստովանում է՝ անակնկալը  սրտով էր։

«Չի պատահում մեր օրերում նման վերաբերունք, ես մոռացել եմ, որ 80 տարեկան եմ, միշտ ասում եմ 60, քանի որ 60 տարի է երգում եմ։  Ու ինձ համար այդ տարիները շատ կարևոր են»։

Իսկ երգել մաեստորոն  միշտ պատրաստ է։ Հրավերը «Հայ մյուզիքլ» բենդի աղջիկներից է, երգը ՝ «Սարի աղջիկ»–ը։

Սա Հանրային ռադիոյի տնօրինության կազմակերպած փոքրիկ միջոցառումն  էր ՝մեծ համերգից առաջ։  Մեծ համերգը կլինի  արդեն Օպերայի բեմում,  հունվարի 25 –ին։   Այդ օրը բոլորս նորից կշնորհավորենք ու կասենք՝ շնորհավոր 80 ամյակդ, հայ երգի վարպետ։

Back to top button