ԿարևորՀասարակություն

Մարզային դպրոցից՝ աշխատաշուկա․ նախագահն ընդունել է «աշխատանքային փորձով» դպրոցականների

Սյունիքի, Շիրակի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջներից, Գավառի՝ գյուղատնտեսական, Բերդի՝ բազմագործառութային պետական քոլեջներից և միջին մասնագիտական կրթություն ապահովող այլ՝ 16 կրթական հաստատություններից 70 աշակերտ նախագահական նստավայրում էին։ Ամփոփում էին «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագիրը․

«Կոտայք տարածաշրջանի պետական քոլեջից, արդեն շրջանավարտ եմ․․․ Սովորում եմ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում, սոցիալական ապահովագրության բաժնում․․․ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Հիմա հաշվապահական հաշվառում երրորդ կուրսի ուսանողուհի եմ։

Երիտասարդներն իրենց կրթական հաստատությունից «գործուղվել» են գործատուների մոտ՝ աշխատաշուկան մոտիկից ճանաչելու ակնկալիքով․ Հռիփսիմե Սարգսյան․

«Գնացել եմ «Ատոմաշեն» և այնտեղի հաշվապահի հետ անցկացրել ենք մեր պրակտիկան։ Շատ հետաքրքիր է անցել սկզբնական շրջանում նախ շատ արագ ուսումնասիրեցինք քոլեջում ուսումնասիրածը, կրկնեցինք անցածը և դրա հիման վրա լրացրեցինք շրջանառության տեղեկագիրը, ուսումնասիրեցինք ԱԱՀ-ն և նմանատիպ շատ հետաքրքիր բաներ»։

Ծրագիրն իրականացրել է «Միասին» հիմնադրամը՝ շվեյցարական «Աշակերտության համաշխարհային ցանց» կազմակերպության հետ։ Հիմնադրամի նախագահ Աստղիկ Մառանջյանը տեղեկացնում է՝ սա բազմաշերտ ծրագիր է, ներառում է վերապատրաստումներ, հանրայնացման աշխատանքներ, շրջայցեր ձեռնարկություններում, իսկ հիմնականում փուլը հենց աշակերտների փորձաշրջանն է․

«Իրենց ծրագրի մեջ մտնում է պրակտիկա կոչվածը, մենք հիմա դրան տալիս ենք ավելի համակարգային բնույթ, որպեսզի իրենք նախապատրաստվեն կորպորատիվ աշխարհին ներկայանալուն, CV իմանան գրել և մնացած այն փուլերը, որ պիտի անցնեն ավելի լավ գործատուին ներկայանալու համար»։

Տաղանդ, արհեստավարժություն և վարպետ․ հաջողության հասնելու երեք անհրաժեշտ նախապայմաններն են ՝ հանրապետության նախագահի կարծիքով։ Արմեն Սարգսյանը կարծում է՝ ցանկացած երիտասարդ ունի տաղանդ, կարող է դառնալ արհեստավարժ և հասնել հաջողության՝ ճիշտ ու տեղին ուսուցչի՝ վարպետի կողմից նկատվելու դեպքում․

«Ցանկացած երեխա անկախ նրանից, թե որտեղ է ծնվել ունի տաղանդ։ Խնդիրն այն է, թե ինչպես գտնել այդ տաղանդը, ինչպես օգնել, որպեսզի իր տաղանդը աշխատանքի և նաև մասնագիտության պրոֆեսիոնալիզմը սովորելու ճանապարհով կարողանա արտահայտել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկաներին հիշեցնում է Մովսես Խորենացու «Ողբ»–ից մի հատված, որում ուսուցիչը նշում է՝ ես իմ հաղթանակը տեսնում եմ աշակերտիս պարտվելու մեջ։ Ասում է՝ նոր սերունդը պետք է ամեն ինչ անի ավագներին գերազանցելու համար, իսկ նախարարությունը պատրաստ է օգնել այդ հարցում․

«44–օրյա պատերազմով պայմանավորված՝ մենք մեր հիմնական նախաձեռնությունների առյուծի բաժինը նվիրում ենք վիրավորում կամ հաշմանդամություն ստացած մեր զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նրանց վերապատրաստմանը և աշխատաշուկա սահունն անցումը ապահովելու գործընթացին, բայց դա չի նշանակում, որ մեր ուշադրության և առաջնահերթությունների տիրույթից դուրս է մնացել կամ կմնա այս կարևոր ոլորտը»։

Աշակերտություն անցած 70 երիտասարդների 50 տոկոսից ավելին շարունակել է համագործակցել գործատուների հետ ծրագրի ավարտից հետո էլ՝ տեղեկացնում է Աստղիկ Մառանջյանը։ Նախագահական նստավայրում նրանցից տասը պարգևատրվեցին։ Ընտրությունը կատարվել էր գործատուների, կարիերայի կենտրոնների պատասխանատուների և ժյուրիի այլ անդամների գնահատման հիման վրա։

Back to top button