Գերդաստաններ

Տեր, տերություն արա որբին․ ամերիկյան որբանոցում մեծացած ճարտարապետը․ «Գերդաստաններ»

Նա հեղինակ է Հայաստանի հիդրոէլեկտրակայանների մոտ 80 տոկոսի, 250-ից ավելի այլ շինությունների։ Նա ավարտին հասցրեց Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը, Տայքի ճարտարապետության մասին նրա ուսումնասիրությունը ոչնչացրին, փրկվեցին միայն 20-30 օրինակ։ Այդ ուսումնասիրության մեջ նա ապացուցեց, որ Տայքի ճարտարապետությունը հայկական է։

«Գերդաստաններ» հաղորդաշարի այսօրվա հաղորդումը ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար Տիրան Մարությանի գերդաստանի մասին է։

Տիրան Մարությանը Արփենիկ Ալեքսանյանի հետ։ 1956 թ. օգոստոսի 31, Թիֆլիս

Ճարտարապետի նախնիներն Ալաշկերտից են, հետագայում հաստատվել են Ղարաքիլիսայում՝ Վանաձորում։ Ճարտարապետը դառը մանկություն է ունեցել, վաղ տարիքում եղբոր և քրոջ հետ հայտնվել է Ջալալօղլու, այժմ՝ Ստեփանավանի ամերիկյան որբանոցում` պատմում է ճարտարապետի որդին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

Որբանոցի մասին  հուշերը հետագայում արտահայտվեցին նրա բանաստեղծություններում:

Տեր, տերություն արա որբին,
Հասակ քաշի, զորանա,
Կյանքն իր կոփի որպես դարբին
Որբությունը մոռանա։

Կիսաշալվարով քննության գնացած պատանին իր իմացությամբ հիացնում է ճարտարապետներին։ Ճարտարապետներ Գևորգ Քոչարը և Միքայել Մազմանյանը կանխորոշում են երիտասարդի ապագան և ընդառաջում նրան ճարտարապետների խմբում փոխադրվելու հարցում։

Մարությանի, ինչպես նաև այս գերդաստանի մասին շատ մանրամասներ այսօր հասու են ճարտարապետի կնոջ` Արփենիկ Ալեքսանյանի շնորհիվ։

Տիրան Մարությանի և Արփենիկ Ալեքսանյանի որդին այսօր Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենն է։ Նա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է, հեղինակել է «Հիշողության դերն ազգային ինքնության կառուցվածքում», «Հայ ինքնության պատկերագրությունը․ Հատոր 1․ Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը» ծավալուն աշխատանքները։ Նաև ավելի քան 150 գիտական հոդվածների ու հրապարակումների հեղինակ է։

Back to top button