Էկոսֆերա

Առկա հակակարկտային կայանքներն անարդյունավետ են․ առաջարկում են կարկտապաշտպան ցանցեր կիրառել․ «Էկոսֆերա»

Գազագեներատորային հակակարկտային կայանքներն իրենց չեն արդարացնում։ Ի՞նչ են առաջարկում մասնագետները՝ ցանցային հակակարկտային համակա՞րգ, թե ապահովագրություն, ո՞րն է գյուղացու գրպանին հարմար։

Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է մի խնդրի մասին, այն է՝ գազագեներատորային հակակարկտային կայանքներն արդյունավետ չեն։ 2008 թվականից մինչ օրս այդ կայանքներն աշխատում են պրոպան-բութան խառնուրդով, իսկ մինչ այդ` ացիտելենով։ «Էկոսֆերայի» հետ զրույցում Հրաչ Բերբերյանը մանրամասնեց․

«Չի կարելի հակակարկտային համակարգը, որի վրա փորձը կիրառվել է 20-ական թթ․-ին Արգենտինայում, բերել ներդնել Հայաստանում և հույսը կապել, որ համակարգը կաշխատի։ Առաջինը տեխնիկական խախտում է եղել, որ ացետիլենայինը փոխարինվել է բութանայինով։ Ամենամեծ հանցագործությունն այստեղ է եղել, քանի որ բութանը երբեք չի բարձրանա 4կմ-ից ավելի, իսկ սառույցի ձևավորումը տեղի է ունենում 8-10 կմ-ի վրա։ Եթե բարձրադիր գոտիներում մի փոքր էֆեկտիվ են, Արարատյան հարթավայրում ի վիճակի չեն գործել, դրա համար ունենում ենք բերքի կորուստ»։

Հարկ է նշել, որ ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ Ինչպես նշում են մասնագետները այլ երկրներում այլ տարբերակներ են օգտագործում, որոնք ավելի արդյունավետ են։ Հաշվի առնելով իրենց ուսումնասիրությունները՝ կարկտաբեր ամպերի ցրման համար մասնագետներն այլ լուծումներ են առաջարկում՝ ապահովագրության համակարգից օգտվել, կարկտապաշտպան ցանցեր կիրառել և այլն։

Back to top button