Շտապօգնության բժիշկ Նարեկ Ամիրյանն իր հերթափոխն ավարտելուց հետո գնաց տուն՝ պատրաստվելով հաջորդ օրվա աշխատանքային հերթափոխին: Մայրն արթնացրեց, ասաց, որ ուշանում է ու որդուն մի կողմ տանելով` ավելացրեց` սահմանում պատերազմ է: Նարեկի կինը հղիության վերջին ամսում էր, հետևաբար տանը փորձում էին նրան հեռու պահել նման նորություններից:
Նարեկը, սակայն, գնաց պատերազմ հենց որդու համար: Սահմանից հիշելու պատմությունները շատ են, բայց մեկը տպավորվել է նրա մեջ այնքան, որ չի կարողանում մոռանալ: Վիրվոր զինվորին պիտի տեղափոխեին Երևան: Նարեկին զգուշացրին, որ հայրը ներքևում սպասում է որդուն, իջավ ծանր սրտով՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է ասելու զինվորի հորը:
Բայց տղամարդը միայն խնդրեց տղային նորմալ տեղ հասցնելուց հետո իրեն որևէ կերպ իմաց տալ, թե ուր են տարել, իսկ ինքը կրկին գնաց առաջնագիծ, որովհետև այլ կերպ չէր կարող: Նարեկը վիրավորվել է նոյեմբերի 6-ին ու իր գործընկերների շնորհիվ փրկվել: Հիմա կյանքին այլ կերպ է նայում՝ ասես նորից ծնված լինի, իսկ որդին, որ ծնվեց պատերազմի ժամանակ, հույս է ներշնչում, որ մենք նորից ենք վերածնվելու: