Սյունիքն այսօր նախկին կարգավիճակում չէ, իսկ փոքր հեռավորության վրա ադրբեջանական զինվորներն են, ու հանդիպումից առաջ պետք է համաձայնություն ձեռք բերել տարբեր կազմակերպությունների հետ, ասել է «Սյունյաց երկիր» մարզային թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը Ֆրանսիայում հայկական «radioarmenie» ռադիոկայանի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ֆրանսահայ լրագրողները Սյունիք այցելել են ռուսական կողմի հետ երկար քննարկումներից հետո և նրանց աջակցության շնորհիվ:
Հայաստանի հարավային դարպասներ դժվարությամբ հասած ֆրանսահայերի առաջին հարցը սահմանային գծանշումների մասին էր։ Սամվել Ալեքսանյանն ասում է, որ սա այսօր ամենակարևոր հարցն է, Ադրբեջանի և Հայաստանի սահմանները պետք է հստակեցվեն:
Սամվել Ալեքսանյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին տարբեր քարտեզներ են եղել, սակայն մեկ պետության տարածքում ապրելով՝ չեն կարևորվել տարածքներն ու դիրքերը։
Սահմանների ճշտում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո (Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հրադադարի մասին հայտնի հայտարարությունը, խմբ․) արդեն կատարվում է, ասում է Սամվել Ալեքսանյանը։ «Դա արվում է միակողմանի:
Ավելին՝ արվում է կամայականորեն, ինչ որ տեղ նաև թուրք-ազերիների պարտադրանքով, որովհետև բոլոր մասնագետ և ոչ մասնագետների կարծիքով սահմանների ճշգրտում կատարել ինչ-որ GPS–ով՝ ուղղակի խաբկանք է, սուտ է, անիրական է: Եվ հատկապես Սյունիքի արևելյան ուղղությամբ կատարվող սահմանագծումները անթույլատրելի են»,- շեշտում է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրը։
Սամվել Ալեքսանյանը նշում է, որ շատ կարևոր է պատասխանել այն հարցին, թե խորհրդային շրջանի որ քարտեզներն ենք մենք ընդունում: Եթե, օրինակ, վերցնենք 1920, 1921, 1925, 1926, 1929 կամ 1961 թվականների քարտեզները, ապա պատկերները բոլորովին այլ են: Հենց այդ պատճառով էլ սովետական քարտեզ ասել և գործ սկսել՝ անգրագիտություն է:
«Օրինակ, 1920 թվականի քարտեզում Զանգելանի ուղղությամբ մենք ևս 20 գյուղ ենք ունեցել, որոնք այսօր գտնվում են հակառակորդի տարածքում: Մի խոսքով` այն սահմանները, որոնք այսօր գծվում են՝ կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Ես խոսում եմ, իհարկե, Սյունիքի մասին: Այս տարածքում և պատմությունը և իրականությունը աղավաղված է»,- ավելացնում է թերթի խմբագիրը:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք 70–ականներին գծված քարտեզով են այսօր աշխատանքներն ընթանում, Սամվել Ալեքսանյանն ասում է, որ քարտեզը, բացի գծանշումները, լուրջ գիտական փաստաթուղթ է, և բացի այն գծապատկերներից, որ պարունակում է, քարտեզը պետք է ունենա հիմքեր:
Առաջին. պետք է փաստերով և հիմնավորումներով ներկայացնել, թե տվյալ դիրքը, գյուղը կամ բլուրը ինչպես է հանձնվել որևէ պետության: Եվ երկրորդ. եթե դրանք արդեն հանձնվել են՝ պետք է հիմքերը պարզել:
«Օրինակ, 1929-թվականին Անդրֆեդերացիայի ղեկավարությունը որոշում է ընդունել մեր սահմանների վերաբերյալ: 1922-36 թթ․-ին գոյություն ունեցած այս կառույցին անդամակցում էին Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ եթե Թիֆլիսում, որտեղ նստում էր Անդրֆեդերացիայի ղեկավար գործադիր իշխանությունը և որոշում հայկական 20 գյուղ հանձնել Զանգելանի շրջանին, արդյո՞ք կամայականություն չէ և ո՞ր տրամաբանությամբ է արվել»,- ասում է Սամվել Ալեքսանյանը:
Ըստ նրա, պետք է բոլոր նմանատիպ հարցերը վերանայել: Անդրֆեդերացիան և նման մարմինները, ըստ նրա, նման իրավասությունը չպետք է ունենային:
Ֆրանսաբնակ մեր հայրենակիցներին հետաքրքրում էր նաև այն կարևոր հարցը, թե արդյո՞ք այսօր պատկան մարմինների կողմից ուսումնասիրվում են քարտեզները կամ արխիվները: Սամվել Ալեքսանյանը, կարևորելով այս հանգամանքը, նշում է, որ իր տեղեկություններով որևէ պետական մարմին չի ուսումնասիրում արխիվները:
«Ես կարող եմ սկսել ուսումնասիրությունը որպես պատմաբան թե Երևանում, թե Մոսկվայում, թե Թիֆլիսում, սակայն որպես լրագրող: Այսինքն` դա կդիտարկվի որպես լրագրողական հետաքննություն»,- ավելացնում է սյունեցի խմբագիրը:
Նման խնդիրները լուծվում են պետական, կառավարական մակարդակով: Պետք է ստեղծել համապատասխան հանձնախումբ, որը կհետազոտի և փաստեր կդնի սեղանին, ասում է Սամվել Ալեքսանյանը: