ԿարևորՀասարակություն

Տվյալների հայկական խորանարդ. արդյունավետ համագործակցություն` հանուն շրջակա միջավայրի պահպանության

Արոտավայրերի արդյունավետությունը, աղտոտիչների առկայությունը, էրոզիայի ու երաշտի և շրջակա միջավայրի վրա այլ բնական երևույթների ազդեցությունները կարող են գնահատվել հեռավար եղանակով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Ստացվող տվյալների հսկայական ծավալների մշակումը, սակայն, ենթադրում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն, ինչն իր հերթին պահանջում է արդյունավետ համագործակցություն:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) ու Ժնևի համալսարանի (UNIGE) հաջող համագործակցությունը «Data Cube» («Տվյալների խորանարդ») տեխնոլոգիայի շուրջ թույլ է տալիս արժեքավոր տեղեկություններ հավաքագրել Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ:

Երկրի զննման համակարգերի կոմիտեի (CEOS) գնահատմամբ` մինչև 2022 թ.-ը «Data Cube» ենթակառուցվածքները ներդրված կլինեն ավելի քան 20 երկրներում: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որոնք արդեն սկսել են ազգային մակարդակով ձևավորել «Data Cube» ենթակառուցվածքներ: Չնայած տվյալների հայկական խորանարդը դեռևս մշակման փուլում է, այն հաջողությամբ ներդրվել է որպես Երկրի դիտարկման տվյալների ամբողջական և մշտապես թարմացվող արխիվ, որը հասանելի է http://datacube.sci.am կայքի միջոցով:

Ինչպես հայտնում է Էկոկենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը, տվյալների հայկական խորանարդը Երկրի հեռազննման և ազգային տվյալների վիզուալացման հեղափոխական տեխնոլոգիա է: Այն կոչված է ապահովելու շրջակա միջավայրի շարունակական մշտադիտարկումը, ինչը Երկրի զննմամբ զբաղվող գիտնականներին առկա միտումները պարզելու, ընթացիկ վիճակը գնահատելու և կանխատեսումներ անելու հնարավորություն կտա:

«Լիարժեք օգուտների մասին կկարողանանք խոսել, երբ շոշափելի արդյունքներ գրանցվեն: Սակայն, տվյալների ազգային խորանարդի հիմնական առավելությունն այն է, որ ընդգրկում է անվճար ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքները և ամպային կարողությունները` միավորելով տվյալները, վերլուծական մեթոդները և կիրառական գաղափարները, որոնք անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական ու շրջակա միջավայրի կայունության ապահովման համար»,– նշում է Շուշանիկ Ասմարյանը:

Ծրագիրը կյանքի է կոչվել ԵՄ տարբեր հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցության և շրջանակային ծրագրերում մասնակցության փորձ ունեցող էկոկենտրոնի և ԻԱՊԻ-ի համատեղ աշխատանքի արդյունքում` Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարության կողմից աջակցվող ADC4SD` «Տվյալների հայկական խորանարդ՝ կայուն զարգացման համար» նախագծի շրջանակում: ԻԱՊԻ-ն ապահովում է Երկրի զննման արդյունքում ստացված տվյալների պահպանման, դասակարգման, կառավարման իրականացումը՝ դրա համար անհրաժեշտ գործիքակազմի ու ենթակառուցվածքների տրամադրմամբ, իսկ Էկոկենտրոնը և երրորդ գործընկերը` Ժնևի համալսարանը, տրամադրում են Երկրի հեռազննման տվյալների դասակարգման վերաբերյալ փորձագիտական աջակցություն և հեռազննման տվյալների դասակարգման արդյունքների վերլուծություն: Գործընկերների խոսքերով` նրանց միջև ձևավորվել է սիներգետիկ երկարամյա փոխգործակցություն:

«Էկոկենտրոնը 2013 թ.-ից ակտիվորեն օգտվում է ԻԱՊԻ-ի ծառայություններից, քանի որ Էկոկենտրոնի համակարգչային կարողությունները բավարար չէին արբանյակներից և անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալների մշակման ու վիզուալացման համար: Մասնավորապես, ԻԱՊԻ-ի ամպային համակարգերն ապահովում են հեռավար համակարգչային ենթակառուցվածքների հասանելիություն՝ տվյալների պահպանման, մշակման և վիզուալիզացման (արտապատկերման) համար»,- հայտնում է Ասմարյանը:

Ժնևի համալսարանում «Երկրի հեռազննում» ուղղությամբ ավագ դասախոս և «GRID-Geneva»-ի թվային ստորաբաժանման ղեկավար Գրեգորի Ջուլիանին ևս հավաստում է. «Կարծում եմ, որ ADC4SD-ի շրջանակում համագործակցությունը չափազանց շահավետ է մեզ և մեր գործընկերների համար ու հիմնված է մեր երեք հետազոտական կենտրոնների և երկու երկրների միջև շուրջ 10 տարի առաջ մեկնարկած երկարատև ու բարեկամական հարաբերությունների վրա: Մենք ԻԱՊԻ-ի միջոցով շատ բան ենք իմացել գերարդյունավետ հաշվարկների և տարաբաշխված համակարգերի մասին, իսկ Էկոկենտրոնի միջոցով` շրջակա միջավայրի մշտադիտարկման մասին»:

«Data Cube» տեխնոլոգիան թույլ է տալիս բարդ տվյալները հետազոտել բազմաչափ եղանակով: Շվեյցարական լավագույն պրակտիկաների վրա խարսխված տվյալների հայկական խորանարդն օգտագործում է ԻԱՊԻ-ի տրամադրած ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքը, որը ներառում է ինչպես կապի, այնպես էլ տարաբաշխված հաշվողական ենթակառուցվածքներ, և ապահովում է միասնական համակարգչային միջավայր, որտեղ կարող են օգտագործվել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական մոտեցումներ, ինչպիսիք են արհեստական բանականության ալգորիթմներն ու բարձր արտադրողականությամբ հաշվարկները:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միավորում» (EaPConnect) հնգամյա ծրագրի շնորհիվ, որի նպատակն է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների հետազոտական ու կրթական համայնքների միավորումն ու նրանց միջև թվային անջրպետի նվազեցումը, զգալիորեն ընդլայնվեց ԻԱՊԻ-ի շրջանակում գործող hայաստանյան ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ, NREN) հաշվողական ու պահուստային ներուժը՝ վերջինիս հնարավորություն տալով լուծել մի շարք գիտական և հանրային խնդիրներ: ASNET-AM-ի IaaS (ենթակառուցվածքը՝ որպես ծառայություն) ամպային ենթակառուցվածքը թույլ է տալիս տվյալների հայկական խորանարդին կառավարել Երկրի հեռազննման վերաբերյալ մեծաքանակ տվյալները և իրականացնել արբանյակային պատկերներից ստացված տվյալների բազմասպեկտր վերլուծություն` օգտագործելով ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից բաղկացած բազմաբնույթ և բազմաշերտ ամպային մոդելավորումներ:

«Անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար խիստ կարևոր է նոր կարողությունների զարգացումը: Սա օգնում է հասնել այս նոր տեխնոլոգիայի ընդունմանը, ճանաչմանը և հետևողական կիրառմանը, ինչը կբարելավի Երկրի զննման տվյալների հասանելիության և օգտագործման կարողությունը»,– նշում է ԻԱՊԻ-ի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Back to top button