

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Որտեղից են սկսվել եւ ուր են տանում հայաստանում սկիզբ առած սոցիալական խնդիրները, եւ ինչ նոր սպառնալիքներ են առաջադրում հայաստանում սրվող ժողովրդագրական խնդիրները: Այս հարցերի շուրջ այսօր բանավիճել են տնտեսագետ Բագրատ Ասատրյանը եւ ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Տնտեսագետին զայրացրել ու մտահոգում են կառավարության չիրականացած խոստումները եւ նրա բնորոշմամբ` կասկածելի կետերը, իսկ Հակոբյանը փորձել է կառավարության ծրագրի առավել խոստումնալից կետերն առանձնացնել` որպես խնդիրների լուծում կոչ անելով պարզապես ավելի շատ սիրել մեր երկիրը:
Մայիսն այս տարի մեզ համար ոչ միայն հաղթանակների, այլեւ գների հաղթական աճի ամիս էր, ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Գազից ու գազով սկսված շղթայական թանկացումներին որպես շարունակություն եկավ կառավարության ծրագիը` նախ խոստումներով, ապա խոստումների վրա սառը ջուր լցնելով: Խոստացվեց աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, սակայն երեկ պարզվեց, որ բարձրանալու է միայն նվազագույն աշխատավարձը: Հիմա էլ խոստանում են, որ աշխատավարձերը կբարձրանան 2014թ-ի հունվարի 1-ից` անգամ մի քանի անգամ: Ասատրյանի գնահատմամբ` Հայաստանում ստեղծված է սոցիալական բարդ իրավիճակ, որն էլ համեմվում է անորոշ հայտարարություններով ու չիրականացող խոստումներով:
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չի հերքում` այսօր լուրջ խնդիրներ կան, նաեւ` ժողովրդագրական: Սակայն ծնելիության նվազման տխուր վիճակագրությունը Հակոբյանը դիտարկում է զարգացած երկրների ցուցանիշերի համեմատությամբ: Կյանքը ցույց է տվել, ասաց, որ զարգացող երկրներում էլ է ծնելիությունը պակասել։ Եթե կառավարությանը պարտադրենք մեծ փողեր ծախսել, էլի չի ավելանալու ծնելիությունը: Ծնունդների նվազման պատճառը քաղաքացի-պետություն սիրո բացակայության մեջ է: Հակոբ Հակոբյանն այս բանաձեւով է չափում երկրում տեղի ունեցող ժողովրդագրական միտումները: Հանրապետական պատգամավորը չհերքեց Բագրատյանի փոխանցած գնահատումները, թե այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա համեմատ 10 հազարով ավելի մարդ է հեռացել Հայաստանից, այսինքն` արտագաղթը շուրջ 30%-ով ավելացել է: Նա պատճառը տեսնում է Հայաստանում աշխատանք գտնել չկարողանալու մեջ, լուծումը` ներմուծումը կրճատելու: Հակոբյանը, սակայն, խնդիրներից ավելի, բնականաբար, գերադասեց խոսել կառավարության ծրագրի ամենախոստումնալից կետերի մասին:
Ասատրյանին արդեն կասկածելի են թվում կառավարության ծրագրի որոշ կետերից սպասելիքները: Տնտեսագետը հարցադրում է կատարում` ինչպես պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում ծնելիության գործակիցը հասնի 1.8-ի, երբ ծնունդների թիվն արդեն անկում է ապրում: Նրան զայրացրել է նաեւ ՀՀԿ-ական ակնառու դեմքերից մեիի հայտարարությունը, թե հայերին միշտ էլ բնորոշ է եղել արտագաղթելը: Բագրատյանն այսօր առաջին անգամ կիսվեց նաև իր նոր մտահոգությամբ: Ըստ նրա` անհրաժեշտ են լուծումներ, հակառակ դեպքում Հայաստանն առաջին անգամ կանգնելու է հետևյալ փաստի առաջ` ծնվողների թիվը ավելի քիչ է լինելու, քան մահացողներինը: Բագրատ Ասատրյանի ու լրագրողների նման գնահատումներին, սակայն, հանրապետական պատգամավորը պատասխանեց դրականն ու լավը տեսնել չցանկանալու մեղադրանքով: