Բնապահպաններ.Արարատյան դաշտավայրում ցամաքում են աղբյուրները, Երևանում էլ ակտիվանում են օձերն ու կարիճները
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հունիսի հինգին աշխարհը նշում է շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը: Հայաստանն այս տարի միջոցառումներին միացել է «Մտածիր, կեր, պահպանիր» կարգախոսով: Բնապահպաններն այսօր կրկին իրենց մտահոգություններն են ներկայացրել: Արարատյան դաշտավայրում ցամաքում են անգամ աղբյուրները, Երևանում էլ ակտիվանում են օձերն ու կարիճները:
Ի՞նչ օդ ենք շնչում, ի՞նչ միջավայրում ենք ապրում և ընդհանրապես ի՞նչ է կատարվում մեր շրջապատում: Հարցերը տարիներ շարունակ հնչեցնում են բնապահպաններն ու անհանգստացնող պատասխաններ ու զեկույցներ ներկայացնում: Այսօրն էլ բացառություն չէ, բնապահպանական խնդիրների պակաս հանրապետությունում չի նկատվում: Որքան էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման հիմնական գրավականն է, միևնույնն է բնապահպանները շարունակում են բարձրաձայնել, որ հանք շահագործողները բնապահպանական տարրական նորմերը չեն պահպանում:
Ասվածի ապացույցը Սյունիքի և Լոռու մարզերում անցկացրած ուսումնասիրություններն են ու բնակչության առողջական խնդիրների մասին մտահոգությունները: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը կոնկրետ Սյունիքում ուսումնասիրություններ չի կատարել, սակայն, կազմակերպության նախագահ Լիլիկ Սիմոնյանը տեղյակ է՝
«Սյունիքի մարզում քանի որ բավականին շատ հանքարդյունաբերական ձեռնարկություններ են գործել, և աղտոտվել է արտաքին միջավայրը՝ կախված նրանից, թե ինչ նյութեր են օգտագործվել, ամեն մի նյութ ունի իր հատկությունը և նայած ինչի վրա է ազդում: Օրինակ, այնտեղ, որտեղ օգտագործել են սնդիկի քանակներ, ուժեղ ազդել է երիկամների վրա, մազերի մեջ են սնդիկ հայտնաբերել, եղունգների մեջ»:
Կազմակերպությունն ուսումնասիրել է, թե ինչ առողջական խնդիրներ ունեն Ալավերդու բնակիչները: Պարզվել է՝ նրանց մեծ մասը շնչառական համակարգի խնդիրներ ունի: Վերջին տարիներին Ալավերդիում անոմալ ծնունդների թիվը նվազել է. Լիլիկ Սիմոյանը, սակայն, սա կապում է տեխնիկայի զարգացման հետ և ոչ թե նրա, որ իրենց բարձրաձայնած խնդիրներն են լուծվել. «Կա էխո ապարատ, հղի կինը, երբ որ գնում է հետազոտման, այդ ընթացքում, երբ որ տեսնում են ինչ-որ անոմալիա կա, հղիությունը ընդհատում են»:
Մյուս հարցը, որ բնապահպանները բարձրացնում են, փոքր ՀԷԿ-երի զարգացմանն է վերաբերում: Հանուն Կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հիշում է, թե ինչ խանդավառությամբ են ընդունել փոքր ՀԷԿ-երի զարգացման ռազմավարությունը: Սա իհարկե տնտեսության խթանման ազդակ է, բայց դրանք չպետք է բնության հաշվին զարգանան: Ամբողջ աշխարհում են փոքր ՀԷԿ-եր կառուցում, այնտեղ, սակայն,նման խնդիրներ չեն առաջանում:
Մտահոգությունը նաև արհեստական լճակների զարգացմանն է վերաբերում, որոնք վերջին տարիներին հատկապես Արարատյան դաշտավայրում շատ արագ են զարգանում: «Մեզանում ամեն ինչ այնպես է ստացվում, որ տրանսֆորմացվում է բացասական կողմի: Ստացվեց այնպես, որ մարդիկ, որոնք կառուցում են, նրանց ձեռքերը ոչ ոք չի կապում, որ այս-ինչ նորմերով դուք պիտի աշխատեք, ի վերջո, եթե ոչ ամբողջ ջուրը, ապա 90 տոկոսը վերցվում է խողովակի մեջ, և ունենք երկու պրոբլեմ, նախ այնտեղ չորանում է էկոհամակարգը, բնակչությունը զրկվում է ոռոգման ջրից, գետում կորցնում ենք կենսաբազմազանությունը: Իսկ եթե գետի վրա մի քանի ՀԷԿ-եր են, դա արդեն մեռած գետ կլինի»:
Երևանում բնապահպանական խնդիրներն ու օդի աղտոտվածության աստիճանը հատկապես Կենտրոնում և հարավային հատվածներում են անհանգստացնող: Քաղաքն ամբողջովին կիսաանապատացվում է, ուստի զարմանալի չէ, որ վերջին շրջանում մայրաքաղաքում ակտիվացել են օձերն ու կարիճները: Կարինե Դանիելյանն ասում է, որ իրենք «Երևանն անապատացման աղետի գոտու ճանապարհին» վերնագրով գրքույկ են նախապատրաստել, որտեղ ցանկացել էր օձերի ու կարիճների անունից հայտարարություն տեղադրել, հետո նրա ընկերները թույլ չեն տվել դա անել՝ «բնապահպանն իրավունք չունի կենդանիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորի» պատճառաբանությամբ: Չանելու համար բնապահպանն այժմ ափսոսում է.«Գաղափարը նա էր, որ կարիճներն ու օձերը Երևանում համագումար են հրավիրում և վերջում շնորհակալագիր են ընդունում, Հայաստանի իշխանություններին, քաղաքի իշխանություններին, որ վերջապես իրենց համար լավագույն պայմանները ստեղծել են, քարե անապատը վերադարձրել են, և հիմա իրենք, ազատ, անկախ կարող են Երևանում բազմանալ: Ցավոք, չարեցինք»:
Հիշեցնենք, որ միայն հունիսի երեքին ԱԻՆ երկու ահազանգ է ստացել, կեսօրին՝ Երևանի 179 մանկապարտեզի երկրորդ հարկում է օձ նկատվել, ապա փրկարարաները Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 46/10 շենքի ութերորդ բնակարանում են օձ հայտնաբերել ու անվտանգ տարածք տեղափոխել: