Տնտեսական

Ինչպես մեղմել գազի գնի բարձրացման հետևանքները

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Քանի դեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնականապես չի հաստատել գազի նոր` բարձրացված սակագինը, հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ շարունակում են հուսալ, որ իրենց բարձրացրած հարցերն ու բողոքները կնպաստեն գազի համար գոնե ավելի մատչելի գներ սահմանելուն: Գազի թանկացումը զուգորդվում է այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների շուրջ գնալով ակտիվացող քննարկումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ շեշտվել է արեւային Հայաստանում արեւային էներգիայի ստացման անհրաժեշտությունը:

Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո զարգացած պետությունները, մասնավորապես, Գերմանիան որոշում կայացրին ատոմակայաններն աստիճանաբար փակել եւ զարկ տալ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին: Իսկ արեւային Հայաստանում արեւային էներգիայի զարգացմանը պետական լուրջ մոտեցում այդպես էլ չի ցուցաբերվում. ասում է Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը: Նրա ներկայացրած ընկերությունը շուրջ 11 տարի է՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի արտադրության ոլլորտում, սակայն, ըստ դրա ղեկավարի, իրենք մինչ օրս ոչ միայն պետական աջակցության, այլեւ ուշադրության չեն արժանացել:

Մինչդեռ, Մարտիրոսյանի համոզմամբ, այլընտրանքային էներգիան անհրաժեշտություն է էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար: Մեր երկրում ներկայում արտադրվում են արեւային ջրատաքացուցիչ սարքեր, որոնց սպառումը, սակայն, ըստՄարտիրոսյանի, քիչ է: Փոխարենը մեծ են թե ռեսուրսները, թե արդեն ներդրված ծրագրերի արդյունքները: Նա չի ժխտում պետական պաշտոնյաների հիմնավորումները, թե էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը թանկ հաճույք է, սակայն դա միանվագ վճար է, որն արդարացվում է տասնյակ տարիների ընթացքում, շեշտում է Միխայիլ Մարտիրոսյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, սակայն, գտնում է, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների վրա ռեսուրս ու ժամանակ ծախսելու փոխարեն հայկական ատոմակայանն է պետք աշխատեցնել: Գազի թանկացումը հարվածելու է բոլորին ու բոլոր ուղղություններով` անհատ քաղաքացիներից մինչեւ շինարարություն, արտադրություն, տրանսպորտ: Սպառողների շահերի պաշտպանը կանխատեսում է հացից մինչեւ տարատեսակ ապրանքների թանկացում: Գազի գինը որոշվում է Կրեմլում, սա քաղաքական հարց է, ասում է Պողոսյանը եւ առավել նպատակահարմար համարում խոսել թանկացումները մեղմելու հնարավոր ուղիների մասին:

Back to top button