Դավիթ Բաբայան.ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համար կարևորն այս պահին հրադադարի ռեժիմի պահպանումն է


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը Ադրբեջանցի իր պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ նշել էր ստատուս-քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, նաև շեշտել, որ առայժմ լուծված չէ իր ձևակերպմամբ ադրբեջանական տարածքների վերադարձման հարցը: Ինչ մեսիջներ է պարունակում Լավրովի այս հայտարարությունն այս պահին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանի պարզաբանմամբ` ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ պարբերաբար հնչող հայտարարությունները սառած գործընթացը վերակենդանացնելու միջնորդ երկրների ձգտմամբ է պայմանավորված: Նրա համոզմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համար կարևորն այս պահին հրադադարի ռեժիմի պահպանումն է:
«Ստատուս քվոյի փոփոխությունը շատ հաճախ կապում են տարածքների վերադարձի հետ, մենք այլ պատկերացում ունենք: Ստատուս քվոն պետք է հասկանալ որպես քաղաքական փիլիսոփայական մի կացություն, այսինքն չկարգավորված լինելը այդ գործընթացի: Մենք էլ ենք ուզում, որ տեղից շարժվի գործընթացը, պարզապես կողմերից մեկն ունի այլ մոտեցում, նույն Ադրբեջանը հերոսացնում է մի անձնավորության, որը քնած մարդ է սպանում և այդ վիճակում ակնկալել փոփոխություն անիրատեսական է: Այսօր չկա պատերազմ և խաղաղությունը շարունակվում է, ինչն այս պահին գերադասելի է և օրվա հրամայական է»:
Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները քաղաքական վերլուծաբանի կարծիքով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք չեն կարող լինել: Սակայն Ադրբեջանում սոցիալ-կենցաղային պայամններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով հրադադարի ռեժիմի խախտումներն անխուսափելի են կարծում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավարը: