

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում այսօր Երեւանում գումարվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու նպատակով մեր երկիր են ժամանել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, կառույցի մոտ 60 պատվիրակներ: Նիստի աշխատանքներին, հիշեցնենք, հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի պատվիրակությունը:
Խորհրդարանականներին բացման խոսքով դիմել են ԵԽԽՎ նախագահը, Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Կոմիտեի նիստին ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Նա ԱԺ պատվիրակներին ներկայացրել է Հայաստանի նախագահության գերակայություններն ու գործունեության ծրագիրը, ապա պատասխանել է խորհրդարանականների հարցերին: Դրանք տարբեր թեմաներ են շոշափել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից մինչև գենդերային հավասարություն, անգամ գազի սակագին:
Ի դեպ, հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ժամանակ ընդունված հայտարարությամբ կառույցը փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը վեր է Եվրոպայի խորհրդի լիազորությունների շրջանակներից: Վեհաժողովն իր մեծ աջակցությունն է արտահայտում հիմնախնդրի լուծման մանդատն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու համար:
Կառույցը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության հնարավորությունները, որպես ԵԽ երկու անդամներ, հասնել հաշտեցման, ինչպես նաև արագացնել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Իր ելույթում գրեթե նույն տոնայնությամբ ԼՂ հակամարտությանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը՝ նշելով , որ ԵԽ-ն շարունակում է խրախուսել Մինսկի խմբի մասնագիտացված ձևաչափում բանակցությունների անցկացումը: «Դա է միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, բայց որպես ԵԽԽՎ անդամներ մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումը և երկխոսությունը ՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»:
Դիմելով Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ԵԽԽՎ նախագահն ասաց, որ լուրջ ակնկալիքներ ունեն նրանից: ԵԽԽՎ նախագահը Երևանում Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի մասին չխոսեց: Հանձնաժողովի գործունեությունը հիշեցնենք, փաստացի, սառեցված է: Բայց մի քանի օր առաջ Բաքվում եվրոպացի պաշտոնյան նշել էր, ԵԽԽՎ-ն այժմ մտածում է ենթահանձնաժողովին փոխարինող նոր ձևաչափ գտնելու ուղղությամբ:
Հայաստանի արտգործնախարարը նույնպես անդրադարձավ ԼՀ հակամարտությանը՝ պատասխանելով եվրոպացի պատվիրակներից մեկի հարցին, թե ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը: «Այդ հարցին կպատասխանեմ ոչ թե որպես Նախարարների կոմիտեի նախագահ, այլ որպես Հայաստանի արտգործնախարար , քանի որ մտադրություն չունեմ օգտագործել իմ նախագահությունը ադրբեջանական կողմին մեղադրելու համար»,-հայտարարեց արգործնախարարը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի դիրքորոշումն այսօր ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների միջոցով»:
Ըստ Նալբանդյանի՝ նույն դիրքորոշումը Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից.«Իրենք ձևացնում են, թե սատարում են 2009-ի՝այսպես կոչված նորացված առաջարկները: Իրենք համարում են, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որ ներկայացրել են համանախագահող երկրները հնացա՞ծ են»: Կարգավորման սկզբունքների վերաբերյալ համանախագահների առաջարկների կամ ընդունում են, կամ չեն ընդունում ՝ եվրոպացի պատվիրակներին պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարը, նաև հավելեց ՝ եթե բանակցությունների ես գալիս տասը փոփոխություններով, ուրեմն չես ընդունում:
«Ասել, թե մենք պետք է անենք ավելին… բայց էլ ի՞նչ անենք. մենք ընդունում ենք, ողջունում ենք և ասում ենք այո բոլոր առաջարկներին, որոնք երեք համանախագահները ներկայացրել են, բայց այդ ամենը միակողմանի է: Սա է իրավիճակը»:
Հիշեցնեմ, որ 2001-ից սկսված ԵԽ անդամակցության ընթացքում առաջին անգամ Հայատանը այս տարվա մայսի 16-ից ստանձնել է ԵԽ նախարարների կոմիտեի վեցամսյա նախագահությունը: Նոյեմբերին մեր երկիրը հերթախոը կհանձնի Ավստրիային, որի վեցամսյա նախագահությունից հետո, արդեն 2014-ի մայիսին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը կստանձնի Ադրբերջանը:
Խոսելով այն առաջնահերթությունների մասին, որոնք իր առջև այս 6 ամիսների ընթացքում կդնի Հայաստանը, արտգործնախարար Էդուարդ նալբանդյանն ասաց, որ նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը: