Հասարակություն

Առողջապահության նախարարը խնդիրներ է դրել մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների առջև

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել  մի քանի կարևոր հարցերի վրա։ Տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը  շեշտել է, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում է դրանց անխափան մատակարարումը` եռամսյակային կտրվածքով, բժշկական բոլոր հաստատություններին բաշխելով անհրաժեշտ ինսուլինային սրվակներով և հակադիաբետիկ հաբերով: Այդպիսով, Դերենիկ Դումանյանը խստորեն հանձնարարել է հետևել պոլիկլինիկաների աշխատանքին և բացառել նման դերքերը։ Միաժամանակ, նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է օժանդակել դեղերն անխափան բուժհիմնարկներ հասցնելու գործընթացին։

Նախարարը նաև մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին է ներկայացրել  Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մայիսի 1-ից մարզային կտրվածքով տեղայնացման արդյունքները։ Նա նշել է, որ անցած օրերի տվյալներով մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15 տոկոսով նվազել է։ Դերենիկ Դումանյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել ուղեգրումների նկատմամբ, իսկ մեկ ամսվա արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրել` ճշտելու, թե հատկապես որ մարզերից կամ բուժհաստատություններից են ավելի շատ ուղեգրեր տրվում և որքանով են դրանք արդարացված։ Նախարարը հանձնարարել է ամենայն խստությամբ զբաղվել այս խնդրով, որպեսզի չվերադառնանք նախկին իրավիճակին, երբ շատ դեպքերում հղիներն ինչ-ինչ պատճառներով ուղղորդվում էին որոշակի ծննդատներ։

Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարներից տուժածներին մայրաքաղաք տեղափոխելու խնդրին։ Նա շեշտել է, որ մարզերում կառուցված կամ հիմնանորոգված արդիական հիվանդանոցների ղեկավարները պետք է մտածեն ոչ թե ծանր հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու, այլ առանց երբեմն ճակատագրական ժամանակը կորցնելու` տեղում բժշկական օգնություն կազմակերպելու մասին։

«Երևանից ռեանիմոբիլ պահանջելու և հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն ավելի ճիշտ կլինի անհրաժեշտ նեղ մասնագետին հրավիրել իրենց մոտ։ Այլ բան է, եթե բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է լինում, որը կարելի է միայն Երևանում ապահովել»,- ասել է առողջապահության նախարարը `մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով նաև այս խնդրին։

Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ է տվել նաեւ նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ տանել հունիսի 15-ից Երևան-Սևան մայրուղում շտապօգնության բրիգադների հերթապահությունները սկսելու նպատակով։

Back to top button