Կարկուտից տուժած համանքներին օգնում են գյուղնախարարությունն ու ոստիկանությունը
2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Իսկ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ։
Հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին:
Արմավիրի մարզին, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջնահերթության կարգով հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին:
Արմավիրի կարկուտիծ տուժած համայնքներին աջակցություն է հատկացրել նաեւ ոստիկանությունը։ Մասնավորապես՝ ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար:
Մայիսի 29-ի դրությամբ Հ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 20 միլիոն դրամ։