Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Սարդարապատ-Երեւան
Այսօր առավոտից Սարդարապարտում մեկնարկած տոնական միջոցառումներին մասնակցում է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ «95 տարի առաջ մենք ճակատագրական քննություն էինք հանձնում, հանձնում էինք ազգովի՝ հոգևորականով ու զինվորով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Այստեղ մենք դիմագրավեցին ու հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք չուներ ոչ պատրանքներ, ոչ էլ կասկածներ»:
«Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու` Հայաստանի Հանրապետությունը կերտում էինք պատերազմի դաշտում, մեր ժողովրդի արյամբ ու հավատով, միասին: 1918թ-ի մայիսի 28-ը արձանագրումն էր մեր փրկության, մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղ դրսևորվեց նաև մեծ հայրենականի ճակատներում ու Արցախում: Այնպես որ հստակ կարելի է ասել, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը»,- շեշտեց նախագահ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով` մենք ունենք սերունդներին լուրջ ու կարևոր պատգամ փոխանցելու.
«Եղեք միասնական, կազմակերպված և ապավինեք ձեր ուժերին: Այդ պայմաններում ի զօրու ենք ոչ միայն պահպանել պետությունը, այլև այն տանել դեպի լուրջ զարգացումներ»,- նշեց երկրի ղեկավարը:
«Փառք Հայաստանի Հանրապետությանը, Փառք ՀՀ Զինված ուժերին»,- եզրափակեց իր ելույթը նախագահը:
ՀՀ Նախագահի ողջույնի խոսից հետո հնչեց պետական հիմնը, որից հետո մեկնարկեց տոնական շքերթը: Այստեղ են ոչ միայն երկրի բարձրասիճան պաշտոնյաներ, այլև օտարազգի բազմաթիվ հյուրեր:
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի առիթով՝
Վեհափա՛ռ Տեր,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:
Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:
1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:
Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:
Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:
Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜: