Աջակցություն կլիներ, եթե Արամի փոխարեն Ալին լիներ, ասում է համշենահայ ռեժիսորը
Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու հուշերը» ֆիլմի պրեմիերան, որը երրորդն է նրա ֆիլմադարանում, Կաննի կինոփառատոնի շրջանակներում իրականացվող “Cinefondation, L’Atelier” ծրագրում համայն աշխարհից ընտրված 15 ֆիլմերից մեկն է, հայտնում է akunq.net— ը։
Ծրագրր նպատակն է երիտասարդ բեմադրիչների նախագծերը պրոդյսուսերներին ներկայացնելը։ BBC Türkçe-ի թղթակից Սելին Գիրիթը Կաննից հաղորդում է, որ Օզջան Ալպերն իրականում այն ռեժիսորներից է, որը ֆինանսավորման խնդիր պետք է որ չունենար: Թղթակցի այդ տարակուսանքին Օզջան Ալպերը պատասխանել է. Ֆիլմն աջակցություն կստանար, եթե գլխավոր դերում ոչ թե Արամը լիներ, այլ` Ալին:
«Քամու հուշերը» ֆիլմում դեպքերն ընթանում են Թուրքիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Երկրից հեռանալ մտադրված Արամը Ստամբուլից փախչում է Համշեն` Խոպա, և այստեղ սպասում անհրաժեշտ փաստաթղթերին, սակայն գործին են խառնվում սերը, դավաճանությունը, վրեժխնդրությունը, խանդը և, ի վերջո, մահը…
Հանշենահայ ռեժիսորը BBC-ի թղթակցին հայտնել է, որ անհրաժեշտ ֆինանսավորում գտնելու դեպքում ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին:
Թղթակիցը հարցրել է նաև Ստամբուլում գտնվող «Էմեք» կինոթատրոնի շենքն ապամոնտաժելու խնդրի վերաբերյալ կինոռեժիսորի կարծիքը:
«Ինչու՞ են «Էմեք» կինոթատրոնը քանդում: Ու՞մ է պատկանում այդ շինությունը: Հարց, որի մասին իրականում բոլորովին չեն խոսում: Հավանաբար, որևէ հույնի կամ հայի… Թուրքիայի խնդիրը, այդ առումով, թուրքական բուրժուազիայի ինքնություն չունենալու հարցն է: Եթե կառույցի տերը ներկայում հույն բուրժուա լիներ, սեպտեմբերի 6-7-ի դեպքերը չապրած մի հույն, որի գույքը Ունեցվածքի հարկի պատճառով բռնագրաված չլինեին, այդ կառույցը կմնար որպես կինոթատրոն: Դա վանդալիզմ է…»,- ասել է համշենահայ ռեժիսոր Ալպերը։