Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում մայիսի 31-ին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Այդ առթիվ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինիոնը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԵԽԽՎ նախագահի կողմից նիստի բացումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսքով կդիմի մասնակիցներին: Խորհրդարանականներն այնուհետև տեսակետներ կփոխանակեն ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, որը մայիսի 16- ից վեց ամսով նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն։
Քննարկումները կկենտրոնանան նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների և Նախարարների կոմիտեի հետ վեհաժողովի ընթացիկ քաղաքական երկխոսությանն առնչվող այլ խնդիրների վրա:
ԵԽԽՎ Միացյալ եվրոպական ձախերի խմբի / United European Left (UEL) Group / կողմից եղել է խնդրանք կազմակերպելու բանավեճ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը» խորագրով: Այդ բանավեճի, կամ պահանջված վերջնաժամկետներում ցանկացած այլ բանավեճերի դիմումների իրականացումը կհաստատվի միայն հանդիպման բացմանը` օրակարգի ընդունման ժամանակ, հայտնում են ԵԽ հայաստանյան գրասենյակից։