Հնչեց վերջին զանգը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր հանրապետության 1400 դպրոցներում ղողանջեց վերջին զանգը: Շրջանավարտների համար օրը տոնական է և այն կլինի միջոցառումներով լեցուն կյանքի հիշարժան մի էջ: Միջոցառումները կեզրափակվի Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ընդարձակ համերգով:
Միջնակարգ դպրոցում ստացած կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումը հետայսու այն ամենի, ինչն արմատվել է և օգտագործելի դարձել դպրոցի շեմից հետո:
Այս վերջին զանգն էլ հանրապետության յուրաքանչյուր շրջանավարտի համար հանրակրությունա կրթօջախներից ստացած գիտելիքների հանրագումարի ավարտական կոչնակն է: Դպրոցի երանելի տարիները մտնում են հուշամատյան` հետո միայն դրանք հավուր պատշաճի արժևորելու ակնկալիքով: Այսօր օրվա խորհրդին հարիր հնչում են միայն շնորհավորական ու երախտագիտության խոսքեր, ի խորոց սրտի բարեմաղթանքներ:
Ընդամենը տասն օրից կսկսվեն բուհերի ընդունելության քննությունները, և այսօրվա շրջանավարտներից շատերը որևէ բուհի դռները թակելիս կհիշեն ու կգնահատեն իրենց սրտացավ ուսուցիչների այն աշխատանքը, ինչը տարիների պատմությունն է կերտել: Իսկ այսօր բոլոր կրթօջախներոմ թևածում է երգ-երաժշտությունը:
1993 թվականին ստեղծված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր ունի 91 շրջանավարտ, որից 88-ը դիմել են ՀՀ և պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ, ասում է Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի պետ Վիտալի Ոսկանյանը:
Շրջանավարտների հետ մեկտեղ ուրախության արցունքներ ե’ւ ծնողների, ե’ւ մանկավարժների մոտ: