Ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է, ասում է իրավապաշտպանը
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Հայաստանում ցմահ դատապարտյալների նկատմամբ իշխանության, մասամբ նաև հասարակության վերաբերմունքը գրեթե անմարդկային է, «Ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայման, ներման ու համաներման նախադեպի բացակայությունը» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրանք չեն ուզում մտածել օրենքի այն նորմի մասին, համաձայն որի` 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն:
«Ես ևս մեկ անգամ դիմում եմ իշխանություններին։ Ցմահ դատապարտյալները մեր քաղաքացիներն են, պետք չէ նման կերպ վարվել նրանց հետ»:
Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր 1991 թվականին մահապատժի տադապարտված Մանուկ Սեմերջյանը, սակայն դատարանը մերժել էր նրան` տուժող կողմին վճարվելիք տույժը չմարելու պատճառաբանությամբ, հիշեցրեց ցմահ դատապարտվածների խնդիրների լուսաբանմամբ ակտիվորեն զբաղվող լրագրող Զարուհի Մեջլումյանը:
Սեմերջյանից հետո պայմանական վաղաժամկետին դիմելու շեմը հատել է ևս 3 դատապարտյալ, սակայն, լրագրողի փոխանցմամբ, երկուսի վերաբերյալ Քրեկատարողական հաստատության վարչական հանձնաժողովը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր ներկայացնել, երրորդի դեպքում որոշել է հետաձգել հարցի քննարկումը: Մերժման հիմքերը նույնն են՝ տուժող կողմին չվճարված գումարները։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այժմ վերանայվում են ընդհանուր գործերը, դրանք ավարտելուց հետո պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ ու առաջարկություններով, տեղեկացրեց օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Իսկ Պաշտպանի` դեռ անցած տարի խորհրդարան ներկայացրած օրենսդրական կարևոր առաջարկը, համաձայն որի` 18-21 տարեկանում հանցագործություն կատարած անձինք չպետք է ցմահ դատապարտվեն, սպասում է քննարկման:
Ավետիք Իշխանյանը հետաձգման պատճատների մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Կարծես թե բոլորը համաձայն էին, բայց հետաձգվեց: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ԲՀԿ-ն էր ներկայացնում նախագիծը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նշենք, որ այսօր ցմահ դատապարտյալները 104-ն են, նրանցից 22-ը մինչև 21 տարեկան է, իսկ այս 22-ից զինծառայության ընթացքում կատարված արարքների համար է դատապարտվել 15-ը։
Ի դեպ՝ Ավետիք Իշխանյանը բերեց աշխարհում լավագույնը համարվող բրիտանական դատական համակարգի օրինակը, որը ընդունում է իր սխալները և ծանր հանցագործությունների մեջ մեղադրված ու դատապարտված անձանց արդարացնում, մինչևդեռ մեր դատական համակարգը, որի թերությունները խոստովանում են անգամ իշխանությունները, բացառում է դատական սխալները։