Մեղքերի քավո՞ւմ, թոթափո՞ւմ, թե՞ հետքերը կորցնելու փորձ. միլիոններ եկեղեցիների վերականգնման համար

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ հայերից բռնազավթված գույքի միջոցով միլիարդատեր դարձած «Սաբանջը» և «Քոչ» խմբերը ներկայում միլիոններ են ծախսում քրիստոնեկան հավատքի շինություններ վերականգնելու նպատակով, գրում է akunq.net – ը՝ հենվելով թուրքական մամուլի հրապարակումների վրա։
«Ինչպես հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, մի շարք մեծահարուստներ, այդ թվում` «Սաբանջը» և «Քոչ» խմբերը, Բալըքեսիրի Այվալըք գավառում գտնվող հին եկեղեցին, մատուռը, վանքը և տները գնելով` միլիոններ են տրամադրել դրանք վերականգնելու նպատակով: Բնականաբար՝ վերակառուցվող սույն պատմական շինությունները ոչ թե կկատարեն իրենց հիմնական գործառույթները, այլ կվերածվեն թանգարանի` նորանոր մեծ շահույթներ ապահովելով դրանց վրա միլիոնավոր գումարներ ծախսած մեծահարուստներին: Լրատվական գործակալության փոխանցմամբ` միայն «Սաբանջըն» 30 միլիոն թուրքական լիրա է տրամադրել Այվալըքի Ալիբեյ կղզում` Փաթրիչա վայրում, գտնվող Այըշըղը վանքը վերակառուցելու համար: 2009 թ. այստեղ մեկնարկած վերակառուցողական աշխատանքները 2012-ին ավարտին են հասցվել, և Սուզան Սաբանջը Դինչերը վանքին թանգարանի կարգավիճակ տալու նպատակով արդեն իսկ դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարություն:
Ինչ վերաբերում է դարձյալ հայերի լքյալ գույքի միջոցով միլիարդատեր դարձած «Քոչին», ապա Ռահմի Քոչի անունը կրող Թանգարանների և մշակույթի հիմնադրամի կողմից վերականգնվում է դարձյալ Այվալըքի Ալիբեյ կղզում գտնվող հունական Թաքսիյարհիս եկեղեցին: Շուրջ 9 միլիոն թուրքական լիրա արժեցած վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հուլիս ամսին: Աղբյուրի հաղորդմամբ` 1873 թ. կառուցված սույն եկեղեցին կղզու ամենագեղեցիկ և նշանավոր շինությունն է:
Այս ամենը նախ արվում է զբոսաշրջության միջոցով շահույթ ապահովելու նպատակով: Վերակառուցվող քրիստոնեկան հավատքի այս շինությունները զբոսաշրջիկներին կգրավեն ոչ միայն իրենց հնությամբ, այլ նաև գտնված վայրի բնական գեղեցկությամբ: Սակայն, բացի դրամական շահից, կա նաև մեկ այլ` գաղտնի նպատակ. այդ կերպ «թոթափել» այն մեղքը, որ իրենք կրում են` հայերից ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյաներից մեծ թվով գույք խլելու համար:
Ուշագրավ է, որ «Սաբանջը» և «Քոչ» խմբերի «քրիստոնեասեր» այս վերաբերմունքը չի սահմանափակվում միայն եկեղեցիներ, մատուռներ ու վանքեր վերականգնելով: Վերջերս Սաբանջը համալսարանում, որը պատկանում է նույնանուն խմբին, տեղի ունեցավ սեմինար, որը, որքան էլ աբսուրդ թվա, նվիրված էր Ցեղասպանության ժամանակ հայերից բռնազավթված գույքի թեմային: Բանախոսն էր «Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին` «Լքյալ գույքի» մասին օրենքներում» գրքի համահեղինակ Ումիթ Քուրթը, ով այս ուսումնասիրությունը գրել էր Թաներ Աքչամի հետ համատեղ: Ումիթ Քուրթը ընդամենը մի քանի օր առաջ` մայիսի 18-ին, Սաբանջը համալսարանի հրավերով բանախոսեց «Հայերը գոյության և անգոյության աքցանում. հետևել Հայոց ցեղասպանության հետքին «Լքյալ գույքի» մասին օրենքներում» թեմայով…
Հարց է առաջանում. մի՞թե «Սաբանջըն» և «Քոչը» փորձում են այդ կերպ իրենց հարստության աղբյուրի հետքերը կորցնել…»,- գրում է Akunq.net— կ հոդվածագիր Մելինե Անումյանը։