

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Մայիսի 12-ի կարկտահարությունից, որից հատկապես տուժել են Արմավիրի մարզի համայնքները, վնասվել է շուրջ 20 հազար հա տարածք, իսկ գյուղացիները կրել են 35-40 մլն ԱՄՆ դոլարի վնաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության հաշվարկները: Հրաչ Բերբերյանի համոզմամբ` կառավարությունը գյուղացուն սերմ ու պարարտանյութ տրամադրելուց բացի առաջին հերթին պետք է գումարային օգնություն ցուցաբերի, անկախ նրանից` նա 30, թե 100 տոկոսով է վնասվել:
«Պետք է մեկ տարով նաև սառեցնի վարկերը, որպեսզի գյուղացին կարողանա գոյատևել»,-ասել է նա: Անդրադառնալով հակակարկտային կայանների գործունեությանն ու արդյունավետությանը, Բերբերյանը հիշեցրել է, որ ինքը ժամանակին դեմ է եղել, որպեսզի այդ կայանները ձեռք բերվեն Արգենտինայից: «Դրանք Հայաստանում չէին փորձարկվել, իսկ հետագայում կայանի գործունեության համար նախատեսված վառելիքը փոխարինվեց այլ տեսակով, ինչն էլ ազդեց արդյունավետության վրա»,-ասել է նա:
Հրաչ Բերբերյանը կոչ է արել գյուղատնտեսության ոլորտում անցում կատարել ցանցային համակարգի: «Այգին ցանցապատվում է` ապահովաելով 100 տոկոս պաշտպանություն»,- ասել է նա:
«Այն շատ ամուր է, նույնիսկ ցրտահարության ժամանակ 2-3 աստիճանով պաշտպանում է այգին: Մեկ հեկտար խաղողի այգին ցանցապատելու համար անհրաժեշտ է 2500 եվրոյին համարժեք դրամ: Կարող ենք հիմա սուբիսդավորենք, բաժանենք, հետո գյուղացին իր եկամուտից տարիների ընթացքում վերադարձնի պետությանը: Արդեն երեկ այս հարցը քննարկել ենք ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանի հետ:Կարծում եմ` պառլամենտում այս գաղափարը կպաշտպանեն»: