ԿարևորՀասարակություն

Արմավիրցիները բացեցին հանրապետական ճանապարհը՝ սպասելով կառավարության հերթական նիստին (ֆոտոշարք)

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Մայիսի 12-ին  տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով  տուժած Արմավիրի մարզի  4 տասնյակից ավելի համայնքների բնակիչներն այսօր առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 16-30 ընկած ժամանակահատվածում փակել էին  Երևան-Արմավիր-Գյումրի  հանրապետական նշանակության ճանապարհի Մրգաշատից մինչև  Մեծամոր ընկած ճանապարհահատվածը:
Արմավիրցիները պահանջում էին տեր կանգնել կարկտահարված համայնքների գյուղացիներին, փոխհատուցել կրած վնասը , սառեցնել վարկերը, տրամադրել դրամական աջակցություն` ընտանիքների գոյությունը պահելու նպատակով:
Կարկտահարված  տարածքներն այս տարի վերականգնման ենթակա չեն, բերք չեն տա, իսկ բանջարանոցային բույսերի մշակումն էլ, նրանց խոսքերով, արդեն ուշացել են, և այդ եղանակով ցանքատարածքների մշակումը միայն կավելացնի պարտքերը:
Գյուղացիները սրտնեղում են, որ այս օրերին, երբ  իրենք գտնվում են անելանելի վիճակում, որևէ մեկն իրենց կողքին չի կանգնում, չկան  նաև ժողովրդի ընտրյալները, որոնց մասին լսում են  միայն ԱԺ ընտրությունների նախօրեին և քվեարկում են նրանց օգտին, իսկ  քվեները կորզելուց հետո այլևս չեն մտնում գյուղ և գյուղացու հոգսերից հեռու են մնում։
Տուժած գյուղացիական տնտեսությունները դժգոհ են եղել կառավարության նիստին գյուղնախարարի հնչեցրած հայտարարաությունից, որտեղ ասվել է, որ պարարտանյութ և դիզվաեռլիք է հատկացվել գյուղացիներին: Նրանց պնդմամբ դա օգնություն չէ, այլ մատչելի գներով գնել են իրենց միջոցներով։
Նրանք հանրապետական նշանակության մայրուղին փակել էին բեռնատար մեքենաներով և հանդես էին գալիս «Պահանջում ենք վնասի  փոխհատուցում» պաստառներով: Մարզի հողի մշակներն օգտվել են տարբեր վարկային կազմակերպությունների ու բանկերի  24 տոկոսադրույքով տրամադրած վարկերից, որոնք մարման ժամկետը  սկսվում է 2 ամսից։
Տուժած գյուղացիների բողոքին կեսօրից հետո արձագանքեց փոխվաևրչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որոնք Արմավիրի մարզպետարանում անցկացրեցին խորհրդակցություն տուժած համայնքների ղեկավարների հետ, և վերջում որոշեցին բարձրացված հարցերը քննարկել հինգշաբթի օրը կառավարության նիստում:
Համայնքների ղեկավարները  փոխվարչապետ  Արմեն Գևորգյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ խորհրդակցությունից հետո եկան հավաքված և բողոքի ակցիա կազմակերպած գյուղացիների մոտ, ներկայացրին իրենց որոշումը և խնդրեցին գյուղացիներին բացել ճանապարհը, չխոչընդոտել երթևեկությունը և սպասել մինչև հինգշաբթի:

Back to top button