Այսօր կշարունակվի Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կշարունակվի Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և մյուսների դատավարությունը: Նախորդ դատական նիստը դեռ չսկսված հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը պաշտպան չուներ և միջնորդեց դատարանին իր գործով պաշտպան ներգրավելու մասին: Այս նիստում հնարավոր է, որ «Էպոսագետի» պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը բացարկ հայտնի գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանին, որն այս գործով երկրորդ դատախազն է Հովսեփ Սարգսյանից հետո:
Իր` դատախազին բացարկ հայտնելու մտադրությունը Սիրունյանը հիմնավորել էր այսպես. ««Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածն ասում է, որ քրեական վարույթ իրականացնող դատախազն անփոփոխ է, իսկ քրեական գործի նախաքննությունը ղեկավարել է և հսկել դատախազ Հովսեփ Սարգսյանը, ընդ որում դատախազության մասին օրենքը ոչ միայն չի նախատեսում դատախազ փոխելու մեխանիզմ, այլ արգելում է»: Սակայն գլխավոր դատախազությունից մեկնաբանելով հայտարարությունը բացատրել էին, որ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ նախնական շրջանում հսկողություն, այո, իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը: Սակայն վերջինը հետագայում նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ և նախաքննության օրինականության նկատմամբ շարունակել է հսկողություն իրականացնել Արամ Ամիրզադյանը:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։