Հասարակություն

Հայազգի փաստաբանը պատմել է 20 տարվա իր գործունեության ընթացքում պատահած հետաքրքրական դեպքերի մասին

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Միացյալ Նահանգների ամենափնտրված և բարձր վարձատրվող փաստաբաններից մեկը` Մարկ Կիրակոսը, որոշել է հանրությանը պատմել իր գործունեության 20 տարվա ընթացքում տեսած ու պատահած հետաքրքրական դեպքերն ու դրվագներ` աղմկահարույց դատական գործերից: Իսկ դրանք քիչ չեն` հայազգի փաստաբանի հաճախորդների մեջ շատ են հայտնի մարդիկ, որոնց անվան հետ կապված ամեն դատական գործ դառնում է հանրության լայն քննարկման առարկա:

«Հայացք ներսից` ինչպես է աշխատում արդարադատության համակարգը, իսկ երբեմն էլ` ոչ». այսպես է կոչվում Մարկ Կիրակոսի հեղինակած գիրքը, որը հրատարակել է իր գործընկեր Փեթ Հարիսի հետ համատեղ: Նրանք բացահայտում են, թե ինչպես կարող է արդարադատությունը բառացիորեն կույր լինել, ինչպես կարող են երդվյալ ատենակալները խեղել դատաքննության ընթացը` ի վնաս մեղադրյալի, ոստիկանները` ստիպված ստել, քննիչները` վաճառել գաղտնի տվյալները, մեղադրյալները`փորձել կաշառել դատավորներին: Գրքում շեշտված է նաև, թե ինչպես է դատական գործը դուրս գալիս վերահսկողությունից, երբ կրակին ջուր են լցնում զանգվածային լրատվամիջոցները:

Ընթերցողների հետ հանդիպմանը փաստաբանները հետաքրքրական դրվագներ պատմեցին իրենց պաշտպանյալ հայտնիների հետ աշխատանքից: Մայքլ Ջեքսոն, Մայք Թայսոն, Քրիս Բրաուն. հայտնիների շարքը մեծ է, բայց նրանց ամենից շատ տպավորել է փոփ-արքայի հետ աշխատանքը, երբ նա մեղադրվում էր մանկապղծության համար:

Փաստաբանները նշեցին նաև, որ իրենց գործի դժվար մասերից մեկն էլ աղմկահարույց դատական գործերի վերաբերյալ ծավալուն ինֆորմացիան ուղիղ եթերում 15-20 վայրկյանում ձևակերպելն է. մի բան, որ ըստ Փեթ Հարիսի, շատ լավ կարողանում է անել Մարկ Կիրակոսը: Վկայությունը` CNN-ի եթերում նրա հաճախակի հայտնվելն է: Վերջին հարցազրույցներից մեկը վերաբերում էր Բոստոնի ահաբեկությանը, որի ընթացքում Կիրակոսը խիստ կասկածի տակ դրեց Ցառնաև եղբայրների հորեղբոր հայտարարությանը, թե` ահաբեկիչ եղբայրները եղել են հավատափոխ հայազգի ոմն Միշայի ազդեցության տակ: Օրերս Twitter-ում փաստաբանը կրկին անդրադարձավ թեմային.

«Ես կարծում եմ` հետևյալն է տեղի ունցել. այսպես կոչված Միշան հորինել է, թե հավատափոխ հայ է`իբրև կրոնափոխ հալածյալ ՄՆ-ում ապաստան ստանալու համար, այդպիսով դիմելով էմիգրացիոն կեղծիքի: Եթե սխալ եմ, թող նա ինձ դատի տա: Այլապես, ինչպես կարող է պատահել, որ Ադրբեջանում հալածեն մարդուն քրիստոնեությունից հրաժարվելու և մահմեդական դառնալու համար: Իմ կարծիքով նաև պատահակ չէր այդ թեմայի բուռն շահարկումը հենց ապրիլի 24-ին, պատահականություններ չեն լինում: Դա շատ լավ կանխամտածված ամոթալի քայլ էր` թուրքերի կողմից կազմակերպված: Թուրքական կառավարությունը մեծ փողեր է ներդնում այստեղ` իրենց ժխտողական օրակարգն առաջ տանելու համար: Եվ դա քայլերից մեկն էր”, մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Մարկ Կիրակոսը նշեց նաև, որ Բոստոնի ահաբեկությունը հայի անվան հետ կապելու և հասարակական կարծիքի վրա ազդելու փորձը ձախողվեց CNN-ի եթերի և համացանցում դրա տեսագրության լայն տարածումից հետո:

Մարկ Կիրակոսը խոսեց նաև Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործերի մասին: Նա անդրադարձավ փաստին, որ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը օրերս Գերագույն դատարանին կոչ արեց չվերանայել Դաշնային վերաքննիչ 9-րդ դատարանի որոշումը: Այն հակասահմանադրական է հռչակում Կալիֆորնիայի օրենքը, որը ցեղասպանության ժառանգներին հնարավորություն էր տալիս իրավական ճանապարհով հետ ստանալ ցեղասպանության հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից չվճարված գումարները:

«Շատ հիասթափված եմ Օբամայի վարչակազմի պատասխանից, հույս ունեմ և ակնկալում եմ, որ Գերագույն դատարանն այնուամենայնիվ քննության կառնի գործը և կբեկանի որոշումը: Որ այդ քայլը Օբամայի կողմից ժեստ էր Թուրքիային` Էրդողանի այցից առաջ, դուք ասացիք: Միայն կավելացնեմ, որ հիասթափված եմ: Ամեն դեպքում, պետք է սպասել մինչև հաջորդ ամիս` Գերագույն դատարանի որոշմանը», ասաց Մարկ Կիրակոսը:

Back to top button