Ինքնաբուխ ակցիա՝ կառավարության շենքի մոտ. մասնակիցները բողոքում են գազի գնի հնարավոր թանկացման դեմ
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Առավոտյան ժամը 10-ից կառավարության շենքի մոտ են հավաքվել մի շարք քաղաքացիներ՝ բողոքելով գազի գնի հնարավոր թանկացման դեմ: Ինքնաբուխ ակցիային միացել են Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, «Բարև Երևան» դաշինքից՝ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Իսպիրյանը: Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գազի սակագնի թանկացումն անթույլատրելի է, հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի առանձնահատուկ սերտ հարաբերությունները: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները կարգավորել այնպես, որ գազը չթանկացնեն, ուրեմն անելիք չունեն: Որպես պատասխան քայլ՝ Մինասյանն առաջարկել է ազգայնացնել «ՀայՌուսգազարդը»: Արմեն Պողոսյանն էլ հայտարարել է, որ գազի գնի բարձրացումը կխարխլի Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր, ինչպես օրինակ՝ ցեմենտի արտադրությունը:
Ցուցարարներին մոտեցել է կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, լսել նրանց բողոքը և փոխանցել, որ կառավարության տեսակետը համընկնում է ակցիայի մասնակիցների տեսակետին:
Հիշեցնենք՝ «ՀայՌուսգազարդը» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բնական գազի գործող սակագինը բարձրացնել մինչև 67 տոկոսով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ գազի սակագնի վերանայման կապակցությամբ:
«Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքները օժանդակություն կստանան, որպեսզի գազի թանկացումը իրենց բյուջեի վրա չզգան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկումները լինելու են բաց, հրապարակային, բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկումներին, որևէ փակ հարց չի լինելու»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: