ԿարևորՏնտեսական

Հայաստանյան ՀՆԱ- ում 40 տոկոսը ՓՄՁ ոլորտն է ապահովում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունները միաժամանակ ապահովում են զբաղվածության մոտ 80 %-ը: Դրանց զարգացումը կարեւորվում է նաեւ Եվրամիության կողմից, որը Վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցով արդեն ուղիղ 10 տարի է վերապատրաստումների եւ վարկավորման միջոցով փորձում է նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը:
Հենց դրանց զարգացմամբ էլ Հայաստանը կարող է էականորեն շահել Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրելուց հետո, այսօր Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության 10- րդ տարին լրանալու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եմ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Որքանով է հաջողվել մեր երկրում իրապես նպաստել այդ նպատակի իրականացմանը, գնահատումները եւ կարծիքները խիստ հակասական են եւ իրարամերժ:
ՎԶԵԲ-ում, սակայն, դրական գնահատական են տալիս Հայաստանի հետ այս ուղղությամբ գործակցությանը եւ խոստանում` հայաստանյան փոքր ու միջին բիզնեսի զարգացման նպատակով ֆինանսավորումը շարունակվելու է:
ՓՄՁ-ների զարգացումը նաեւ Եվրամիության գերակայություններից մեկն է: Դեռ 2011-ի վերջին հավելյալ 5մլն դոլար էր հատկացվել Հայաստանին հենց այս նպատակով:
Նոր օժանդակության առանցքում նոր ոլորտներ են շեշտադրվելու: ՎԶԵԲ-ի փոքր բիզնեսի աջակցության տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յապ Սփրեյն առանձնացնում է այն ոլորտները, որոնք նորովի են ուշադրության արժանանալու` վերականգնվող էներգետիկա, ագրոբիզնես, արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ զբոսաշրջություն:
Այս ոլորտներում գործող փոքր ու միջին բիզնեսին նախատեսվում է աջակցել ինչպես համեմատաբար էժան վարկերի տրամադրմամբ, այնպես էլ խորհրդատվությամբ` ինչպես աշխատել ու ինչ ուղիներով առավել մրցունակ դառնալ:
Տրայան Հրիսթեան նշվածին նոր կարեւորություն է տալիս այն համատեքստում, որ Հայաստանը հավակնում է ընդգրկվել
Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտում: Եթե հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկությունները զարգացած եւ ճկուն չլինեն, ընձեռվելիք հնարավորություններից օգտվել չեն կարողանա։
Վերադառնալով հարցին` թե իրականում որքանո՞վ է 10 տարվա շարունակական օժանդակությունը նպաստել հայաստանյան փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը. օժանդակությունը շարունակելու խոստումները թերեւս վկայում են, որ արդյունքներից դժգոհ չեն։
Այսօր մեր երկրի ՀՆԱ-ի 40%-ը ստեղծվում է ՓՄՁ-ների ջանքերով, սակայն միաժամանակ Տրայան Հրիսթեան ձեռքբերվածը նաեւ բավարար էլ չի համարում: Դեռ անհրաժեշտ է, որ պետական կառույցները պատշաճ ձեւով կատարեն այս առումով ստանձնած իրենց դերը, շեշտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Հենց այս առումով առկա խնդիրները նկատի առնելով Եվրամիությունը ծրագրում է առաջիկայում իր ուշադրությունը կենտրոնացնել օրենքների կիրարկումն ավելացնելու ուղղությամբ:

 

 

Back to top button