ԲՀԿ- ն ընդդիմություն չի դառնա. օծվեց Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցին


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի եւ Բելառուսի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ներկա են գտնվել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքում կառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:
Եկեղեցին կառուցվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով:
Մինչ նորակառույց եկեղեցու օծման արարողության մեկնարկը` լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա։
«Ով ճիշտ կանի` նրա կողմնակից եմ, ով սխալ կանի` դեմ եմ»,- լրագրողների հետ զրույցը եզրափակելով շեշտեց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով կառուցված Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հրավիրվածներից ժամանեցին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետին նույնպես դիմավորեց Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ մի օր ինքը նույնպես եկեղեցի կառուցի: Աստծո կամոք` ի պատասխան ասաց վարչապետը: Վարչապետին այլ հարցեր հնարավոր չեղավ ուղղել` Գագիկ Ծառուկյանը միջամտեց, հորդորեց հաշվի առնել օրվա խորհուրդն ու քաղաքական հարցերից զերծ մնալ։
Այլ հարցերի ԲՀԿ առաջնորդն այլեւս չպատասխանեց, շտապեց դիմավորելու ժամանող մյուս հյուրերին, այդ թվում` նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Հրավիրվածների թվում էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա արարողությանը մասնակցելու համար Աբովյան էր ժամանել տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ:
Ինչպես կմեկնաբանեք Ձեր մասնակցությունը, արդյոք դա մեծ քաղաքականություն վերադառնալու քայլ է, Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցն անպատասխան մնացին: Երկրորդ նախագահը միայն ժպիտով արձագանքեց լրագրողների` իրեն հարցեր ուղղելու ցանկություններին:
Մինչ եկեղեցու օծումը` բարերար Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արձաքանքել էին հրավերին ու մասնակցել միջոցառմանը:
Նորակառույց եկեղեցու օծման արարողությունը կայացավ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի:
Նշենք նաեւ, որ ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքի մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփաննոսն էր` քաղաքի հին թաղամասերից մեկում: