ԿարևորՔաղաքական

Կազիմիրով. Նոր պատերազմի ստվերի անհետացումը բանակցային գործընթացը զերծ կպահի խոչընդոտներից

«Նոր պատերազմի սպառնակիքներն ու հնի դասերը» վերտառությամբ «Նեզավիսիմայա գազետան» այսօր լայնածավալ հոդված է հրապարակել ղարաբաղյան պատերազմի մասին։ Հեղինակը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն է:
Պաշտոնաթող դիվանագետի հոդվածը հրադադարի կնքման 19-ամյակին է նվիրված: «19 տարի է անցել փաստաթղթի կնքումից ի վեր, սակայն հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց չի շոշափվում, ավելին՝ հակառակ ընդունված բոլոր փաստաթղթերի, պատերազմի վերսկսման վտանգը դեռևս չի անցել»,- գրում է Կազիմիրովը:
Նրա խոսքով՝ պարտված կողմի էլիտան, որը տառապում է ռեւանշի ծարավով, սպառազինությունների մրցավազք է վարում և թունավորում է նոր սերունդներին ատելությամբ և թշնամանքով:
«Միջազգային հանրությունն ու հակամարտության կարգավորման միջնորդ երկրները կտրականապես դեմ են խնդրի ռազմական լուծմանն ու առաջարկում են փոխզիջում :Սակայն փակուղին բանակցություններում ոչ թե միջնորդների սխալների, այլ հակամարտող կողմերի պահանջների անիրական լինելու մեջ է»,- գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:
Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ կողմերն ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքեն։ Ադրբեջանի հրաժարվելն այդ քայլից ստեղծում է լարվածության մթնոլորտ, որը վնասակար է խաղաղ բանակցությունների համար:
«Բաքուն շատ է մատնացույց անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, սակայն ընդգծում է միայն իրեն ձեռնտու դրույթը. հայկական զորքերի դուրսբերումը: Ալիևը թերևս մոռացել է, թե ով սկսեց դրանք խախտել: Հայերին ջախջախել փորձող Բաքուն ոչ մի կերպ չէր ցանկանում կատարել բանաձևերի առաջնային՝ հիմնարար պահանջը՝ ռազմական գործողությունների դադարեցումը,- հիշեցնում է Կազիմիրովն ու ընդգծում,-  Ադրբեջանը չի դադարեցնում իր թշնական քաղաքականությունն ու դրա մեջ ներքաշում է նաև Թուրքիային»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի համոզմամբ՝ անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտությունը դուրս բերել ռազմական հարթությունից և ամբողջությամբ տեղափոխել այն քաղաքական, քանի որ  միայն նոր պատերազմի ստվերի անհետացումը բանակցային գործընթացը զերծ կպահի խոչընդոտներից:

Back to top button