Հասարակություն

Պատկերաշարով տեղեկությունը ավելի ընկալելի է օգտատերերին. մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2013»- ը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց երկօրյա «ԲարՔեմփ Երևան 2013» ոչ պաշտոնական կոնֆերանսը, որին մասնակցում են շուրջ 1000  ծրագրավորողներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ:
Ի տարբերություն այլ միջոցառումների՝ «ԲարՔեմփն» անցկացվում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
Առաջին «ԲարՔեմփը» կայացել է 2005 թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում և հետո լայն տարածում ստացել ամբողջ աշխարհում։
Երևանյան «ԲարՔեմփն» արդեն անց է կացվում 5-րդ անգամ, և տարեց տարի հավաքի մասնակիցների թիվը աճում է:

«ԲարՔեմփի» բաց ձևաչափը թույլ է տալիս ելույթ ունենալ յուրաքանչյուր ցանկացողին: Այսպես կոչված թեմատիկ ներկայացումները տեղի են ունենում զուգահեռաբար 5 լսարաններում և ունկնդիրը ազատ է որոշել, որ նիստին մասնակցել:
Անցյալ բարքեմփներից մեկում ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս անգամ, ինչպես և նախորդ տարի բարքեմփցիների շարքում էր և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով ներկայացրեց 
սոցիալական ցանցերի մասին ԱՄՆ պետական դեպարտամենտի մոտեցումները։
Հավաքին հրավիրված են և հատուկ հյուրեր: Նրանց թվում է և իսպանացի ծրագրավորող Դեվիդ Գարսիա Քինտասը, ով այժմ աշխատում է «Գուգլ» ընկերության գլխամասային ստորաբաժիններից մեկում։ Իր ելույթում նա անդրադադարձավ երիտասարդ սերնդի մոտիվացմանը` նորագույն  տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով անհնարինը հնարավոր դարձնելու հարցում։

Ռուսաստանից ժամանած Ֆիլիպ Կացը «ՌԻԱ Նովոստի» ընկերության ինֆոգրաֆիկաների բաժնի հատուկ նախագծերի խմբագիրն է: Նա իր գործընկերոջ՝ Միխաիլ Դունաևի հետ  ներկայացրեց տեղեկատվական դաշտում լայն տարածում ստացում տեղեկատվական գրաֆիկայի մոտեցումները:

Հատկապես համացանցում այսօր շատ հաճախ տեղեկատվությունը ներկայացվում է ոչ միայն տեքստով, այլ նաև որոշակի պատկերաշարով, ինչն ավելի ընկալելի է շատ օգտատերերի համար, նշեց ռուսաստանցի մասնագետը:

«Ինտերնյուս» ցանցի նորարարությունների գծով ավագ խորհրդական Անահի Այալա Իակուչին խոստովանեց, որ իրեն հետաքրքրում է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Բացի դրանից ԱՄՆ-ից ժամանած հատուկ հյուրը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց տեղեկատվական նախագծերի վերլուծման և գնահատման ձևերը, ինչպես նաև քաղաքացիական հետադարձ կապի ստեղծման մեխանիզմները: Այս համատեքստում նա կարևորեց հին և նոր մեդիաների մերձեցումը:  

Այս տարի «ԲարՔեմփի» շրջանակներում կայացան վարպետության մի շարք դասընթացներ, ներկայացվեցին միջազգային ասպարեզում առկա ՏՏ  նորարարությունները և զարգացման միտումները: Առաջին անգամ ապահովվել էր նաեւ թեմատիկ ներկայացումների համացանցային տեսահեռարձակումը։

Back to top button