Հին ու նոր նախարարներ. կառավարության անդամները կարդարացնե՞ն վստահությունը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մայիսի ութին հանրապետության նախագահի հրամանագրով ձևավորվեց Հայաստանի նոր կառավարությունը, որի կազմում ըստ էության փոփոխություններ չեղան. փոխատեղումներ և երկու նոր նշանակում: Այն, որ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ չէին սպասվում, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այսպիսով, նոր կառավարությունում երկու նոր անուններ կան՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը:
«Նոր կառավարությունում նոր դեմքեր և փոփոխություններ են լինելու»,- նմանատիպ հայտարարություններ լսում էինք, շուրջ երկու ամիս: Թերևս հենց այս հայտարարությունների հիման վրա էր մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվում անուններ, ստեծվում նոր գերատեսչություններ: Այդ ամենը մնացին սակայն, շրջանառվող տեղեկությունների մակարդակում: Ընդամենը երկու օր առաջ՝ մայիսի ութին, հրապարակվեց նոր կառավարության կազմը: Սպասված նոր դեմքերն այս կառավարությունում երկուսն էին՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Եթե վերջինիս՝ նոր պաշտոն ստանձնելու հարցը բավականին շատ էր մամուլում շրջանառվում, ապա Վահրամ Ավանեսյանի ու հատկապես էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի պաշտոնականության մասին լուրեր չկային: Վահրամ Ավանեսյանը էկոնոմիկայի նախարարություն ղեկավարելու փորձ ունի: Նա 1996-1997թ եղել է ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար: Այդ տարիներին՝ 1996-1997թթ վարչապետ էր Արմեն Սարգսյանը: Իսկ 1993-1996թթ-ին կառավարությունը Հրանտ Բագրատյանն էր ղեկավարում: Շուրջ 16 տարվա ընդմիջումից հետո Վահրամ Ավանեսյանը կրկին կառավարության կազմում է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Վահրամ Ավանեսյանին շատ վաղուց է ճանաչում.«Պարոն Ավանեսյանին ես ճանաչում եմ 90-ական թվականներից, երբ որ երիտասարդ տնտեսագետների թիմը սկսում էր ՀՀ-ում իրականացնել ռեֆորմներ և Վահրամ Ավանեսյանը այդ թիմի ամենավառ անդամներից մեկն էր: Հետագայում էլ չնայած, որ ես ԱԺ-ում ներկայացնում էի ընդդիմությունը, իսկ պարոն Ավանեսյանը կառավարության կազմում էր, մենք նրա հետ ունեցել ենք չափազանց կոնստրուկտիվ համագործակցություն և բազմաթիվ օրենքներ ենք ԳԽ-ում ընդունել, որոնք ապահովում էին կառավարության համար տնտեսական բարեփոխումների ընթացքը»:
Տեղեկացնենք, որ 2008թ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններն առանձնացան, էկոնոմիկայի նախարար նշանակվեց Ներսես Երիցյանը, ով այժմ ԿԲ փոխնախագահն է: 2010-ից մինչ 2013թ մայիսի ութը էկոնոմիկայի նախարարն էր ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Վերջինիս՝ պաշտոնին հարժեշտ տալը թերևս շատերի համար էր անսպասելի: Տիգրան Դավթյանը ԱՀԿ-ում ներկայացնելու է մեր երկիրը:
Նոր ձևավորված կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ տեղի չունեցան: Նոր նախարարություններ կամ կառավարությանն առընթեր մարմիններ չստեղծվեցին: Միակ նորությունը այս համատեքստում թերևս այն էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի լիազորություններն ընդլայնվեցին, Կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվեց նաև նախարարի կարգավիճակ: Հիշեցնեմ, որ սա ըստ էության նորություն չէր հայրենի կառավարության համար: Աշխատակազմի ղեկավար նախարարներ մենք ունեցել ենք՝ Գագիկ Շահբազյան (1996 — 1997թթ), Շահեն Կարամանուկյան (1997-1998թթ), վերջինս կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար էր, ավելի ուշ՝ 1999-2000թ Շահեն Կարամանուկյանն արդեն աշխատակազմի ղեկավար նախարար էր, 2000-ին կարճ ժամանակով այդ պաշտոնը զբաղեցնում է Անդրանիկ Մանուկյանը, որից հետո՝ նույն՝ 2000թ մինչև 2008թթ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար էր Մանուկ Թոփուզյանը: Մինչ աշխատակազմի ղեկավարի հաստիք ստեղծվելը հայրենի կառավարությունում եղել են կառավարության գործերի կառավարիչ և կառավարության քարտուղար նախարարի հաստիքներ: Նշենք, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունն արդեն կառավարության կողմից հաստատվել է, այն համարվել է անհետաձգելի ու ներկայացվել է ԱԺ: Իսկ այսպես ասենք վերադարձը նախկին հաստիքին, կառավարության ղեկավարն այսպես է մեկնաբանում:
«Սա հասկանալի է, որ քաղաքական դիրքորոշում է, հավանության է արժանացել նաև կուսակցությունում, Դա նշանակում է,որ բեռը, որը դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա, ավելանանլու է: Նաև սա բխում է այն անհրաժեշտությունից, որ ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ, ավելացնել փոխվարչապետների քանակը մեր կառավարությունում, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքները»:
Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարն արդեն ֆինանսների նախարարի պաշտոնում է: Ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանն էլ կառավարության աշխատակազմի ղեկավարն նախարարն է: Արդեն ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով, անգամ իր համար էր քաղաքական թիմի որոշումն անսպասելի: Դավիթ Սարգսյանն իր մասնագիտական կարիերան պետական ապարատում սկսել է հենց ֆինանսների նախարարությունից: ԿԲ-ում, կառավարությունում աշխատելուց հետո , նա կրկին ֆինանսների նախարարությունում է:
«Նախ և առաջ հանրապետության նախագահին և վարչապետին շնորհակալություն՝ բարձր վստահության համար: Այդ բարձր վստահությունն իհարկե պարտավորեցնող է: Ֆինանսների նախարարության աշխատակազմը մշատպես նախկին 20 տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել բոլոր պետական կառավարման մարմինների աշխատակազմերից իր բարձր պրոֆեսիոնալիզմով: Վստահ եմ, որ բոլոր այն խնդիրները, որ հանրապետության նախագահն ու վարչապետը առաջադրել են առաջիկա տարիների համար, մենք համատեղ աշխատակազմի հետ միասին լուծումները կտանք»:
Որպես առանձին նախարարություն այն ձևավորվեց 2008թ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 2008թ-ին ստեղծվեց նաև սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը: Սա այն գերատեսչությունն է, որն այս կառավարության ձևավորումից հետո ունի նոր նախարար: Մի քանի ամիս շարունակ այս կամ այն պաշտոնում նշանակվելու մասին լուրերը վերջապես հաստատվեցին: Յուրի Վարդանյանը չնայած Շիրակի մարզպետ չնշանակվեց, փոխարենը սպորտի ու երիտասարդության նախարար նշանակվեց:
Մյուս գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել: Մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը, մի շարք նախարարների անուններ էին շրջանառվում, ովքեր պետք է պաշտոնանկ արվեին: Սակայն, նման բան տեղի չունեցավ: Շատերի հետ պաշտոնը պահպանեց նաև բնապահապնության նախարար Արամ Հարությունյանը, ում պաշտոնանկության մասին լուրերը առավել հաճախ էին պտտվում: Ինքը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այն կարծիքին չէ, որ այս տարիների ընթացքում վատ է աշխատել:
«Մենք բավականին լուրջ աշխատանք ենք ծավալել այս տարիների ընթացքում, կարծում եմ, որ իսկապես մեր ծրագրերը շարունակական են, լավ թիմ ունենք նախարարությունում, և պատրաստ ենք աշխատանքի: Խոսակցությունները մեր աշխատակիցների և ինձ վրա ազդեցություն չեն ունեցել, մենք մինչև հիմա բնականոն աշխատել ենք, մեր իրավունքների շրջանակներում իրականացրել ենք մեր գործառույթները»:
Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ուրախ է, շարունակելու է պաշտոնավարել, որովհետև հնարավորություն ունի շարունակել սկսած գործերը: Թե կառավարության անդամները որքանով կարդարացնեն վստահությունը, ցույց կտա ժամանակը: