ԿարևորՀասարակություն

Երկրպագուներն առաջարկում են Զվարթնոց օդանավակայանն անվանակոչել Ազնավուրի պատվին

Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։

«2018 թվականի հոկտեմբերին Շառլ Ազնավուրի մի խումբ երկրպագուներ նախ սկսեցին առցանց ստորագրահավաք, հավաքելով տասնյակ հազարավոր ստորագրություններ, ապա պաշտոնական նամակով դիմեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և Զվարթնոց օդանավակայանի տնօրինությանը: Մենք տեղեկացանք, որ պարոն Էռնեկյանը մեծ հավանության էր արժանացրել գաղափարն ու պաշտոնական նամակով դիմել կառավարությանը՝ հայտնելով իր դրական վերաբերմունքը»,- նշված է հիմնադրամի ՀՀ վարչապետին ուղղված դիմումում:

Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին։

«Նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։

Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։

Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ»,- Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջում գրել է ՀԽ նախագահ Սյոպա Սաֆարյանը։

Back to top button