Ճգնաժամերն են բժշկին օգնում բժիշկ դառնալ


Բժշկի մասնագիտությունը լավ ու վատ ժամանակներ չի ընտրում։ Այդ մարդասիրական ուղին ընտրողը, իր երդմանը հավատարիմ, միշտ էլ պետք է պատրաստ լինի՝ ընդունելու ժամանակների հրամայականը։ Ուսանողական երկու կյանք, երկու ճակատագիր, որոնց վիճակվել է դիմակայելու ժամանակների թելադրանքին։
Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող, ապագա պլաստիկ և միկրովիրաբույժ Ասատուր Չաքմանյանն է. «Ինֆեկցիոնիստ, վիրաբույժ, թե թերապևտ։ Բոլորս էլ բժիշկ ենք և ցանկացած պահի բոլորովին այլ պրոֆիլի մասնագետը պետք եղած ժամանակ պետք է իրականացնի ինտուբացիա, կամ տարբեր այլ գործողություններ։ Իմ բազային գիտելիքները, որ տվել է ԵՊԲՀ–ը, բավականին օգնեցին այդ իրավիճակում կողմնորոշվել, անհրաժեշտության ժամանակ ցույց տալ առաջին օգնություն»։


Ասատուրն առողջապահության նախարարության կամավոր բժիշկների անհրաժեշտության մասին հայտարարությունը լսելուն պես առանց երկմտելու, միանգամից որոշել է՝ գնալու է համավարակի առաջնագիծ, այս դեպքում՝ հաստատված դեպքերի հետ շփված կոնտակտավորներին մեկուսացրած հյուրանոց։
«Վախ սկզբում կար, սակայն տեսա այնտեղի պատասխանատու բժշկուհուն, որը բավականին բանիմաց մասնագետ էր. դա էլ է պաշտպանություն։ Ժամանակի ընթացքում հարմարվեցինք այդ ամեն ինչին, վախը վերացավ, կարծես առօրյա լիներ այդ ամեն ինչը մեզ համար։ Եվ 14 օր ես մեկուսացած եմ եղել բուժօգնություն ցուցաբերելու նպատակով»։


Ծնողներին որոշման մասին տեղեկացրել է արդեն հյուրանոցից՝ իմանալով, որ հանդիպելու է դիմադրության։ Մեր զրույցի ընթացքում ծիծաղով ասում է՝ բայց բժիշկ եմ չէ, եթե այս պահին գիտելիքներս չփորձեի, ապա էլ ե՞րբ։
«Առաջինը ես մտածում էի տանը տատիկ կա, որը ռիսկային խմբում է, թեև չունի ուղեկցող հիվանդություններ։ Իրենք տեղյակ չեն եղել։ Ապրիլի 7–ին մայրիկիս տեսաուղերձով եմ շնորհավորել և նրանք այդ ժամանակ են իմացել։ Մի պահ անհանգստացան, բայց ես իրենց բացատրել եմ, որ ապագա բժիշկ եմ , ունեմ մասնագիտական պարտքի զգացում և պարտավոր եմ լինել քաղաքացիների կողքին»։


Եղավ քաղաքացիների կողքին, փորձեց մասնագիտական գիտելիքները, ձեռք բերեց մեծ փորձ, վարակին ծանոթացավ ավելի մոտիկից։ Թվարկում է կորոնավիրուսի դրական կողմերն ու հիշում կոնտակտավորների հետ առաջին հանդիպումը։ Բարդ էր, առաջին անգամ նման իրավիճակի հետ բախվել, սակայն դա էլ հաղթահարեցինք, ասում է։
«Հիվանդների հետ կոնտակտն էր բավականին դժվար, նրանք լուրջ չէին վերաբերվում իրավիճակին և փորձում էին դուրս գալ։ Եղել են նաև փախուստի դեպքեր, սակայն դա կանխվել է։ Մենք հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում պացիենտներին։ Եվ երրորդ, չորրորդ օրը հասկացան, որ վիճակը լուրջ է և պետք է հետևել բոլոր ցուցումներին»։


«Վիրահատության եմ գնում, շատ շտապ եմ, 82 տարեկան պապիկի ենք վիրահատելու»։ Վիրաբույժ Տարոն Տոնոյանի ամեն օրն այսպես ծանրաբեռնված է։ Մի վիրահատությունից դուրս է գալիս, կարճ ժամանակով հանգստանում, շտապում հաջորդին։
Նա էլ իր բժշկական փորձն ու գիտելիքները սկսել է ձեռք բերել ուսանողական տարիներին։ Նրա առաջնագիծը Արցախյան պատերազմն էր, ռազմաճակատը։ Մի կողմից հակառակորդն էր կրակում, մյուս կողմից փամփուշտներից պատսպարվելով, զենքը բժշկական պարագաներով փոխարինելով, վիրավոր զինակից ընկերներին էր առաջին օգնություն ցույց տալիս։
«Մի գործողության ժամանակ մեկը վիրավորվեց, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Պատշգամբի տակ ես էի ու վիրավոր ընկերս։ Ու այդ ժամանակ է եղել իմ առաջին բուժօգնություն ցույց տալը։ Շատ լավ եմ հիշում այդ վիճակը։ Հետո նրան տեղափոխեցին, սակայն, ես լուր ստացա, որ մահացել է»։
Ռազմաճակատից ստացած փորձն ու գիտելիքները նրան հետո օգնեցին խաղաղ կյանքում։ Բայց այսօր էլ՝ կորոնավիրուսի այս օրերին կրկին պատրաստ է մեկնել նորօրյա առաջնագիծ։ Առողջապահության նախարարությանն առաջարկել է սեփական կլինիկան վերապրոֆիլավորել եւ ծառայեցնել կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն ասել են, որ դեռ դրա անհրաժեշտությունը չկա։
Հենց կյանքի բարդագույն շրջանում է, որ մարդիկ իմանում են արդյոք ճիշտ մասնագիտություն են ընտրե՞լ։ Խոսում եմ զրուցակիցներիս հետ ու հասկանում, թե որքան կարեւոր է կոչումով բժիշկ լինելը։