ԿարևորՀասարակություն

Վարանդայում դասն ավարտվում է ոչ թե զանգի ձայնից, այլ օրինակ՝ անձրևի

Արցախի Վարանդայի դպրոցում տարրական դասարանի դասերն այլ ձև ունեն։ Դասին կարող են մասնակցել թռչունները կամ էլ կատուները կողքից գան լսելու, իսկ դասն էլ կարող է ավարտվել ոչ թե զանգի ձայնից, այլ ասենք՝ անձրևի։  Արտակարգ դրության պայմաններում, այստեղ բացօթյա դասերը հեռավարից նախընտրելի են։

Արցախի Մարտունու շրջանի  Վարանդա գյուղի դպրոցում զանգի ձայնը դուրսն են տալիս։ Ու այս զանգի ձայնից լինում է, որ երեխաների հետ դասարան գան նաև հավերը, կատուներն ու դրսի կենդանիները։ Դասարանում հիմնականում հինգով են լինում, ուսուցիչն էլ հետը՝ վեց։

Այստեղ տանիքով, պատերով  ու պատուհաններով դասարանին փոխարինել են դաշտային դասասենյակով, քանի դեռ արտակարգ դրություն է։

Այստեղ արևը՝ սենյակի լույսն է, լավ եղանակն էլ՝ դասաժամի հաջողության գրավականներից մեկը։

Դպրոցի տնօրեն ընկեր Նաիրա Ուլբաբյանն ասում է, որ ծնողով, մեծով ու փոքրով նստեցին ու որոշեցին՝ ի՞նչ կլինի, որ սոցիալական հեռավորություն պահելով տարրական դասարանի աշակերտներին բնության մեջ դաս բացատրեն։

«Որոշումը կայացրինք հեշտ ու արագ, հետո Ղարաբաղ–Հայաստանով աղմուկն ընկավ։ Այստեղ տեխնիկայի խնդիր կա, այս քայլին դրա պակասից ենք գնացել»,– պատմում է ընկեր Ուլբաբյանն ու խոսակցությունն այստեղ ավելի չի երկարացնում. մայրենիի դաս է առաջին և երկրորդ դասարանցիների  մոտ։

Գյուղում դասերին հեռավար մասնակցողը միայն ես եմ, փաստորեն, մնացածն ընտրել են այլ տարբերակ՝ բացօթյա։ Սկզբում մեծ կոճղերի վրա են նստել, հետո դպրոցից սեղան–աթոռները հանել։ Վարանդայի աշակերտները դաշտային դասերը սիրում ու չեն սիրում, քաղաքացիներին մեկ ասում, թե իրենք հող, ծառ ու թուփ ունեն, դրանով հպարտանում, մեկ էլ նեղսրտում, թե բայց տեխնիկան էլ պետքական է, որ չունեն։

Դասերն այսպես մինչև կեսօր են անում, հիմնականում։ Հետո կամ անձրևն է խանգարում, կամ դաշտի–հողի գործը կանչում։ Նախարարությունից տեխնիկա են խնդրել դաշտային դասերը հեռավար դարձնելու համար, բայց տեխնիկայի փոխարեն վրաններ են առաջարկում, որ վատ եղանակին առանց պատ ու տանիք դասն անժամանակ չդադարի։

Կարդացեք նաև

Back to top button