Անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Բովաձորում, Տաշիրում և Մեդովկայում


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրում, Տաշիր խոշորացված համայնքի Տաշիր քաղաքում և Մեդովկա բնակավայրում՝ ծանոթանալու ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ՝ մասնավոր ներդրումներով իրականացվող անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերին: Այս մասին գրում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Բովաձորում Սարգիս Մարիկյանը «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով իրականացնում է պոլիէթիլենային տարբերակով անասնաշենքի կառուցում՝ նախատեսված շուրջ 45 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար: Աշխատանքների զգալի մասը կատարված է. առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, աջակցության մի մասը ևս ստացել է:
Շուտով ավարտին կմոտենա երկրորդ փուլը, որից հետո կստանա նաև աջակցության մյուս մասը: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ 35 մլն դրամ արժողությամբ ծրագրի շուրջ 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը: Անասնագլխաքանակը ևս պատրաստվում է ձեռք բերել պետական աջակցության ծրագրերով: Մարզի ղեկավարը ողջունել է հատկապես այն, որ տնտեսվարողը չի բավարարվելու եղածով և շղթայական կերպով պատրաստվում է հիմնել նաև ջերմոցային տնտեսություն՝ օգտագործելով գոմաղբը, ընդլայնելու մշակովի ցանքատարածությունները և կերային մշակաբույսեր աճեցնելու անասնագլխաքանակի համար:
-Շատ կարևոր է, որ ձեր ոգևորությունը փոխանցվի նաև մեր մարզի մյուս գյուղատնտեսներին, իսկ մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած հարցում,-նշել է մարզի ղեկավարը:
Անդրեյ Ղուկասյանը եղել է նաև «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ին պատկանող Բովաձորի տոհմային թռչնաբուծական ֆերմայում: Ֆերման ստեղծվել է մասնավոր ներդրմամբ և գործում է ավելի քան 5 տարի: Այստեղ արտադրվում են ինկուբացիոն ձվեր, որոնք տեղափոխվում են ընկերությանը պատկանող Նուբարաշենի թռչնաֆաբրիկա, ինկուբացիոն շրջան են անցնում, աճեցվում և սպառվում են տեղի շուկայում՝ որպես «Էրեբունի» ապրանքանիշ:
Տաշիրում ևս «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով կառուցվել է «խելացի» անասնաշենք: Առաջին փուլով աշխատանքներն ավարտված են, շուտով ավարտին կմոտենան նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Այն առանձնահատուկ է նրանով, որ իրականացվում է եռակողմ ֆինանսավորմամբ՝ Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի շրջանակներում, պետական աջակցությամբ իրականացվող վերոնշյալ ծրագրի միջոցներով և մասնավոր ներդրմամբ.
-2019թ.-ին, երբ որոշել էի ֆերմա հիմնել, մտածում էի ունենալ 20 խոշոր եղջերավոր կենդանի, այնուհետ օգնության եկավ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագիրը, հետո նաև որոշեցի օգտվել «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրից և հիմա արդեն նախատեսում եմ ունենալ 60 խոշոր եղջերավոր կենդանի,-ասում է սեփականատեր Վահրամ Մկրտչյանը:
Այցելություն է կատարվել նաև Մեդովկա բնակավայր: Այստեղ սեփականատեր Արմեն Ավետիսյանը ընտանեկան բիզնես է հիմնել դեռևս 1993թ.-ին: Սկզբում զբաղվել են միայն հողագործությամբ, արդեն շուրջ 20 տարի նաև՝ անասնապահությամբ: Այժմ խոշոր ֆերմերային տնտեսություն ունի՝ շուրջ 450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 250 գլուխ խոզ, մշակովի ցանքատարածություններ, հարուստ տեխնիկական պարկ: Կիթն իրականացվում է ավտոմատացված կեպով արդեն շուրջ 16 տարի:
Ավարտին է հասցրել նաև սպանդանոցի կառուցումը, որն առայժմ միակն է տարածաշրջանում: Այստեղ նախատեսվում է իրականացնել ոչ միայն սեփական կենդանիների մորթն, այլև ընդունելու պատվերներ: Տնտեսվարողը, թեև պետական աջակցության ծրագրերից առայժ չի օգտվել, սակայն ողջունելի է համարում գյուղատնտեսություն զարգացմանն ուղղված պետության քայլերը:
Մարզի ղեկավարը, պատրաստակամություն հայտնելով օգտակար լինելու ցանկացած հարցում, կարևորել է փորձառու գյուղատնտեսների առաջավոր փորձը, որը ուսանելի կարող է դառնալ սկսնակների համար, իսկ գրանցված հաջողությունները՝ ոգևորիչ:
Շրջայցի ավարտին Անդրեյ Ղուկասյանը եղել է նաև սուբվենցոն միջոցներով 2019թ. հիմնանորոգված Տաշիրի մարզադպրոցում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: