ԱԳՆ կոչ է անում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադառնալ պարետատան գործող սխեմայով
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ:
«Կոչ ենք անում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադառնալ բացառապես պարետատան գործող սխեմայով»,- ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան»,- հիշեցնում է նախարարությունը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի:
Ըստ հաղորդագրության՝ նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը:
«Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ –ը զգուշացնում է, որ պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: