Հայերի արկածները Թաիլանդում. կորոնավիրուսի «շահավետ» հետևանքները


3 ամիս ու 10 օր է Վարդա Ավետիսյանն ընկերոջ հետ «փակված է» Կոհ Սամուի կղզում։ Հունվարի 28–ին մեկնեցին Թաիլանդ՝ հանգստանալու. կղզին մեկուսացավ, ճանապարհները փակվեցին, նրանք Հայաստան չվերադարձան։
Օտար երկրում ապրել էր պետք։ Բիզնես դրեցին ու… հաջողեցին։
Հանգստի մեջ՝ Հայաստանում հաջողակ և հայտնի ռեստորանատեր Վարդան չէր էլ պատկերացնում, որ երազանքները, անգամ ամենախենթերը, այդքան արագ իրականություն դառնալու կարողություն ունեն։


Vegan Villa. մթերքները՝ թաիլանդական, մնացածը՝ հայկական
«Ամենավաղ մանկությունից ես աշխարհում ամենից ավելի ծովն էի սիրում։ Նախանձում էի հեռավոր նավարկության գնացող ամեն մի նավաստու։ Ժամերով կանգնած էի ծովափին և հայացքս սևեռած՝ նայում անցնող նավերին»,– սա Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի առաջին նախադասությունն է։
Ճիշտ այս նախադասությամբ սկսվեց նաև իմ ու Վարդա Ավետիսյանի զրույցը Հայաստանից Թաիլանդ ու հակառակ ուղղությամբ։
Հանգստի երկրորդ ամսում Վարդան ընկերոջ հետ հասկանում է, որ կղզին փակ է, դուրս գալու ճանապարհ չունեն, բայցև ապրելու միջոցներն էլ վերջանում են։ Այն, որ առաջինը մտքին ուտելիքներն ու խոհանոցն է գալիս, զարմանալի չէ․
«Մենք չընկճվեցինք, մտածեցինք՝ ինչ ենք կարողանում լավ անել։ Մանավանդ, երբ կղզին փակվեց, ռեստորաններն էլ փակվեցին, հասկացանք, որ մարդիկ, հիմնականում մեզ պես զբոսաշրջիկները, լավ վեգան՝ բուսակերների սննդի կարիք ունեն։ Աշխարհի տարբեր երկրներից 5 հայերով դուրս եկանք հյուրանոցից, վարձեցիք վիլլա ու սկսեցինք զբաղվել վեգան սննդի պատրաստմամբ ու առաքմամբ»,- պատմում է Վարդան՝ իրենց մեծ ու արևադարձային վիլլայով զբոսնելով։
Խաղաղ օվկիանոսի Սամուի ծոցի Կոհ Սամուի կղզին իր չափերով Թաիլանդի երկրորդ կղզին է։ Բուսակեր լինելն այստեղ իսկական խնդիր է. հիմնականում բոլոր ուտելիքները ծովամթերքից են, միսն էլ՝ անպակաս։
Հենց սա է լինում պատճառը, որ Վարդայի գաղափարը շատ արագ մեծ արձագանք է գտնում հիմնականում զբոսաշրջիկներով շրջափակված այս կղզում։
«Շատ զարմանալի է այստեղ բուսակեր չլինելը,– ասում է Վարդան,– աննկարագրելի մեծ քանակությամբ մրգեր են, արևադարձային բանջարեղեններ, շատ համեղ, մի խոսքով իսկական դրախտ է բուսակերների համար։ Թաիլանդցիները մի քիչ տարօրինակ են մեզ նայում, որ բուսակերությամբ ենք զբաղվում ու այդքան շատ միրգ ենք ուտում»։
Վիլլայում, որտեղ ապրում են ու սնունդը, որ պատրաստում են, շատ կարճ ժամանակում դարձավ հայկական ծագման թաիլանդական սննդի ծառայության նոր անունը՝ Vegan villa:
Սկիզբը. 5 հայեր, որ դարձան ընտանիք
Հանգստի երկրորդ ամսում նույն հյուրանոցի տարբեր սենյակներում ապրող 5 հայեր, միասին տեղափոխվում են վարձով ապրելու, դառնում ընտանիք, զբաղվում նույն գործով։ Վարդան, բնականաբար, խոհանոցում է, ուտեստների հիմնական պատրաստողն ինքն է։
«Մեր թիմի անդամներից մեկը՝ Արամը, Մայամիում շինարար է, դեռ մեզ շինարար պետք չէ, բայց երբ ռեստորան կառուցենք, նրա կարիքն անպայման կունենաք։ Մեր շինարար տղան զբաղվում է ուտելիքները նկարելով, սոց․ցանցերում դրանք տեղադրելով»,– պատմում է Վարդան։
Վարդայի ու Արամի ծանոթությունը Թաիլանդում կապում է երկուսի երազանքներն իրար. երկուսն էլ ռեստորանային բիզնեսի մասին էին երազում։
Փաթեթավորումը, հաճախորդների հետ կապն ու հաղորդակցությունն ապահովողը Արուսյակն է՝ Մոսկվայից։ Մինչև Թաիլանդ հանգիստի գալը վարսահարդար էր, հիմա զբաղվում է Vegan villa-ի ոճով ու դիզայնով, այն ամենով, ինչը հաճելի է ու շահավետ։ Բայց այստեղ էլ, իր հիմնական մասնագիտությունը չի մոռանում. ընտանիքի անդամների մազերի հարդարելն իր վրա է։
«Մեր «Անահիտ» հեքիաթում ու ոչ միայն այնտեղ, միշտ գովերգվում է մարդու ձեռքի շնորքն ու փեշակը, այս ամիսների ընթացքում հասկացանք, որ ով ձեռքի շնորհք ունի, կարող է գոյատևել, որտեղ էլ որ լինի»,– հերթական պատվերը պատրաստելու ընթացքում պատմում է Վարդան։
Արշակը` Վարդայի ընկերը, իրեն ոգեշնչողն ու բոլոր նախաձեռնություններում կողքին կանգնողը, Թաիլանդում, վերջին մեկ ասում, հիմնականում դարձել է ընտանիքի ու ընդհանուր գործի օպերատորը։ Նկարահանողն ինքն է։ Աշխարհի տարբեր տեղերից իրար հետ նույն կղզում հայտնված 5 հայերի բիզնեսի անունը որոշողն էլ Սամվելն է։
Շահավե՞տ բիզնես. որքա՞ն գումար կարելի է վաստակել
Իրենց վիլլայից օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ են դուրս գալիս. եթե առաքումը հանենք, ապա միայն խանութ գնալու համար։ Տնից դուրս գալու քանակը կախված է, թե ինչքան լավ են պլանավորում իրենց օրը Թաիլանդի սկսնակ հայ բիզնեսմենները։
Տնային կալանք չկա, բայց «օրվա մեջ մեկ կամ երկու անգամ ենք խանութ գնում, եթե մենյուն լավ պլանավորած ենք լինում, իսկ եթե ոչ, ստիպված ենք լինում նաև երեկոյան խանութ գնալ՝ մինչև ժամը 8-ը։ Կղզում պարետային ժամ կա՝ երեկոյան 10-ից, իսկ խանութները փակվում են երկու ժամ շուտ՝ երեկոյան 8-ին»,– ասում է Վարդան։
Ուտելիքի գները կղզում ուղիղ համեմատական են Հայաստանի ուտելիքի գների հետ։ Սնունդը հաճախորդներին հասցնում են միայն առաքման եղանակով, հիմնականում սպասարկում են մոտակայքում գտնվող մարդկանց։ Հաճախորդներն էլ հիմնականում ռուսներ են։
Մեկ բաժինը, որի մեջ մի քանի տեսակի վեգան ուտելիքներ, սոուսներ են, արժի 250 բատ` մոտավորապես 3500 դրամ։
Վերադարձ
Թաիլանդը Հայաստանի հետ համատեղելու երազանքով Վարդան ընկերոջ հետ հայտնվեց կղզում, ու երազանքը սպասվածից շուտ իրականություն դարձավ։
Անցած տարվանից միշտ միտք է ունեցել այնպես անել, որ ձմռանը Հայաստանում գործունեություն չծավալեն, քանի որ դժվար և պասիվ շրջան է։ Կղզի գնալիս կատակով ասում էր, որ կարող են տարվա կեսը գործունեություն ծավալել Հայաստանում՝ Դիլիջանում, իսկ մյուս կեսը` ինչ-որ գողտրիկ կղզում։
Հայաստանում իր փորձը կամ թղթին կհանձնի, կամ տեսախցիկին, որ ավելի շատ մարդիկ իմանան հայ «Ռոբինզոն Կրուզո»-ների մասին։
Մայիսի 15-ից օդանավակայանը կգործի, Հայաստան վերադառնալն էլ իրական կդառնա։
Բայց մինչ այդ` առաքումն արդեն պատրաստ է, վարձած մեքենայով այն տեղ հասցնել է պետք։ Իսկ հետո՝ հանգիստ վիլլայի լողավազանում։