ԿարևորՏնտեսական

Պետք է չարչարվենք, որ նորից վարկի տակ չմտնենք. ֆերմեր

Երբ հնարավորություններդ ճիշտ եւ օբյեկտիվորեն ես գնահատում, միջոցներն էլ արդյունավետ օգտագործում՝ վարկի վերադարձելիության խնդիր չես ունենում։ Այսպես համոզված է գյուղատնտեսությամբ զբաղվող Ռազմիկ Հակոբյանը։

Գյուղատնտեսն ասում է, որ հենց դա է իր սկզբունքը, որով հաշվարկել է կորոնավիրուսի պատճառով իր փոքր տնտեսության ունեցած խնդիրները, դիմել զրո տոկոսանոց գյուղատնտեսական վարկ ստանալու համար։

Մեկ միլիոն դրամ վարկն արդեն տեղաբաշխել է՝ հաղթահարելով իրավիճակով պայմանավորված դժվարություններն իր փոքր այգեգործության եւ անասնապահության համար։

Հիմա հերթը համբերատար ու հետեւողական աշխատանքինն է, որն էլ անում են ընտանիքով՝ հավատով, որ արդյունքը հուսախաբ չի անի։

Ոչ մի ցայտնոտ, երբ գիտես անելիքդ ու կան որոշակի, թեկուզ, սահմանափակ հնարավորություներ։ Կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամն իր փոքր գյուղատնտեսության համար Ռազմիկ Հակոբյանը հիմնականում հաղթահարած է համարում։

Արտակարգ դրության ռեժիմի թուլացումն էլ հասցրել է որոշ չափով զգալ իր փոքր ֆերմայի վրա․ «Մարդիկ արդեն զանգում են, հետաքրքրվում են՝ ունե՞նք, թե՞ չունենք, բայց մինչեւ հիմա մենք էինք շատ զանգում-հետաքրքրվում, թե ո՞ւմ է պետք»։

Խոսքն իր արտադրած տավարի եւ խոզի մսի մասին է, որոնցով հետաքրքրվում են մշտական գնորդները։ 88 թվականին Ադրբեջանից բռնագաղթած Ռազմիկ Հակոբյանի ընտանիքը  բնակություն է հաստատել Նոր Գեղիում։

Մինչեւ 95 թվականն աշխատել է պետական հիմնարկում, այնուհետեւ՝ սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ։ «Զբաղվում ենք այգեգործությամբ եւ անասնապահությամբ»։  

Իր փոքր տեսությունը Ռազմիկ Հակոբյանը հիմնել է՝ օգտվելով գյուղատնտեսական վարկերից։ Ասում է, որ ծրագրել է ու վերցրած ֆինանսները նպատակային ներդրել գյուղատնտեսության մեջ։ Հիմնել է այգի, գնել անասուներ՝ խոշոր եղջերավոր եւ խոզեր։ Փոքր տնտեսությունը ընտանիքի միասնական աշխատանքի շնորհիվ կայացել է։

«Ունենք մոտ 1 հեկտար խնձորի այգի՝ 2000 բերքատու եւ նորատունկ ծառերով»։

Վերջին ամիսներին, սակայն, կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված խնդիրներն իր տնտեսությունն էլ չեն շրջանցել։ Անցած երկու ամիսներին՝ գյուղմթերքի իրացման խնդիրն է հատկապես գործը բարդացրել։   

«Օրինակ, մսի շուկաների հետ կապված խնդիրներ ենք ունեցել։ Մսեղիքի իրացումը շատ դժվար է եղել։ Դե, որ ռեստորանները, մսի վաճառքի կետերը, մյուսը-մյուսը, չէին աշխատում, մեր գործունեությունն էլ դրանց հետ էր կապված, մի քիչ խնդիր ենք ունեցել, բայց ոչինչ, էլի իրացրել ենք»,- ասում է Հակոբյանը։

Նա ասում է, որ հենց այդ ընթացքում անցած երկու ամիսների համար ծրագրած, բայց իրացման խնդիրների պատճառով չստացած եկամտին փոխարինելու եկան կառավարության առաջարկած կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն ուղղված գյուղատնտեսական ծրագրերը՝ անտոկոս գյուղվարկերը։

«Դա էլի մեծ միջնորդություն-օգնություն է, որ էս պայմաններում եղավ՝ կապված, ասենք, այդ երկու ամսվա հետ»։

Իր տնտեսության համար հաշվարկներ է անում, դիմում կառավարության աջակցության միջոցառմանը ու ստանում 1 մլն դրամ անտոկոս վարկ։ Ասում է, որ անցած տարիների փորձից շատ լավ գիտե՝ վարկերից կարելի է օգտվել, երբ շատ հստակորեն գիտես անելիքդ ու ամեն մի լուման ծախսելու նպատակը։ Նախկինում էլ վարկերից օգտվել է, երբ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «յոթն անգամ չափելուց հետ է կտրել»։

Միայն այդ դեպքում է միջոցները ճիշտ օգտագործելու պատկերը տեսանելի, եւ ֆինանսական գործիքի օգտակարությունն ու արդյունավետությունը զգալի։ Հակառակ դեպքում՝ այն ավելորդ բեռ է դառնում։

«Օգտակար եղավ, որովհետեւ էս պահին սկսվում է գյուղատնտեսական աշխատանքաները․ այգիների համար դեղեր ձեռք բերելու, այգեգործական աշխատանքները կատարելու պահն էր եւ այդ մեկ միլիոնը մեծ օգնություն էր տվյալ պահին»։ 

Երբ հնարավորություններդ ճիշտ եւ օբյեկտիվորեն ես գնահատում՝ միջոցներդ արդյունավետ օգտագործում՝ վարկի վերադարձելիության հետ կապված խնդիր էլ չես ունենում։ Գյուղատնտեսն ասում է, որ հենց դա է իր սկզբունքը։ Հաշվարկել է անգամ պարարտանյութերի խնդիրը, որ վերջին շրջանում երկիր չէր մտնում, բայց այդ հարցն էլ արդեն կարգավորված է եւ ինքը արդեն անհրեժեշտ քանակն էլ ձեռք է բերել։ Մնացածը՝ ըստ իր ժամանակացույցի համբերատար աշխատանքի արդյունքում է լինելու։

«Ընտանիքով ենք՝ հարսս, տղաս, ես ․․․ Պիտի չարչարվենք, որ նորից վարկի տակ չմտնենք։ Էդ ամեն ինչը շատ լավ է՝ աջակցության վարկը։ Թեկուզ անտոկոս է, բայց մայր գումարն էլ պիտի՞ վերադարձնենք»,- ասում է ֆերմերը։

Թե գյուղատնտեսական տարին ինչպիսի՞ն կլինի՝ Ռազմիկ Հակոբյանը, ինչպես ասում են, չի շտապում Աստծուց առաջ ընկնել ու կանխատեսումներ անել։ Բայց նախնական տեսանելի արդյունքները, կարծես թե, հուսադրող են։

«Մեր մոտ այգիները լրիվ ծաղկած են։ Եղանակի, բնության հետ է կապված եւ ինչ մեզանից է կախված՝ կարողանում ենք, անում ենք։ Տա Աստված՝ ես երկու օրը բացվի, լավ կլինի։ Այդքան բան»,- նշում է գյուղատնտեսը։

Իրացման հետ կապված խնդիրների մասին մտածելն էլ դեռ վաղ է՝ ասում է։ Թեպետ, նկատում է, որ խնդիրներ այսօրվա պայմաններում բոլորն էլ հնարավոր է, որ ունենան, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված արտահանման հետ դժվարությունները կան, շուկայի զարգացման ընթացքի խնդիրը կա, մարդկանց գնողունակության հարցը։ Բայց, ամեն դեպքում, լավատես է։

Առայժ՝ մինչեւ աշուն իր հիմնական խնդիրն է համարում լավ բերք ստանալը։ Միշտ է այդպես եղել ու իրացման խնդիր էլ մինչ օրս չի ունեցել։ Երբ բորքն իր սրտի ուզածի պես կլինի, այն ժամանակ էլ արդեն իրացման մասին կմտածի։

Back to top button