Եվրոպան վերադառնում է կյանք, բայց նոր կանոններով


Արդեն երկրորդ օրն է ավելի քան 4 մլն իտալացի վերադարձել է աշխատանքի՝ երկամսյա ընդմիջումից հետո։ Իսպանիայում անցած հանգստյան օրերին առաջին անգամ մարդիկ կարողացան դուրս գալ փողոց, չնայած երեխաներին դա թույլ էր տրվել ավելի շուտ։ Եվրոպան կամաց–կամաց թեթևացնում է կարանտինային միջոցառումները։
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին «նոր կյանքին» վերադառնալուց առաջ իր ժողովրդից Իտալիան սիրելու ապացույց է խնդրել.
«Եթե սիրում եք Իտալիան, պահե՛ք սոցիալական հեռավորություն»,– ասել է Իտալիայի վարչապետը։
Եվրոպան վերադառնում է կյանք, բայց արդեն նոր կանոններով։ Բոլոր այն երկրներում, որտեղ երկուշաբթի օրվանից մասնակիորեն հանվել է կարանտինը կամ թեթացվել են կարանտինային միջոցառումները, սոցիալական հեռավորություն պահելու պահանջը միևնույն է մնացել է ուժի մեջ:
Իտալիայում բաց են գործարանները, արտադրամասերն ու շինհրապարակները, իսկ կինոթատրոններն ու բազմաթիվ խանութներ շարունակում են փակ մնալ։
Իտալիայի, ու ոչ միայն, ամենազբոսաշրջային քաղաքում՝ Վենետիկում, որպես բողոքի նշան ֆլեշմոբ են կազմակերպել բոլոր նրանք, ովքեր դեռ ստիպված են չաշխատել։ Օրինակ՝ վարսահարդարները մկրատը, սանրն ու մազերը հարդարելու այլ գործիքիներ ներկել են Իտալիայի դրոշի գույներով ու դուրս եկել փողոց։
Իտալիայում ռեստորաններն ու սրճարաններն արդեն մեկ օր է աշխատում են, բայց առաքման ծառայությամբ։ Դրանք կբացվեն հունիսի 1–ից։
Իտալիայից հորիզոնական ուղղությամբ դեպի արևելք՝ Եվրոպայի՝ աշխարհագրորեն «ամենացրված» երկրում՝ Հունաստանում, հանվել են կարանտինային ամենախիստ կանոնները։ Այստեղ վարչապետ Կիրիակոս Միցոստակիսը հույս ունի, որ հույները չեն մոռացել, թե կյանքն ինչպիսինն էր կարանտինից առաջ ու որ իր երկրի ժողովուրդին խորհուրդ է տվել «չտեսի նման փողոցները չընկնել»։
Հույները չեն կարող փողոց դուրս գալ առանց դիմակի ու ձեռնոցի։ Այստեղից չենք լսի վարչապետի ձայնը, որովհետև այն այնքան զգացմունքային ու կրքոտ չէ, որքան Իտալիայինը։ Շուշանը մի քանի տարի է Հունաստանում է։ Ամենակարևորը, որին բոլորը երկար են սպասել, ուսումնական հաստատությունների բացումն է․
«Ուսումնական հաստատությունները կբացվեն այստեղ մայիսի 11-ից, բայց որոշակի վերապահումներով. դասասենյակներից կհանվեն սեղան–աթոռներն այնպես, որ մարդկանց միջև հեռավորությունը լինի առնվազն 1 մետր։ Դասասենյակներում 5-7 հոգուց ավելի ոչ ոք չի լինելու»,– ընդունելության քննությունները կլինեն հեռավար, իսկ ավարտականները չեն լինի, ասում է Շուշանը։
Իտալիայի հետ նույն հորիզոնական գծի վրա գտնվող Հունաստանում ևս, սրճարանները, ժամանցի վայրերն ու ռետորանները կբացվեն ամռան սկսվելուն պես։
Բարձրանանք այնտեղ, որտեղ կարանտին որպես այդպիսին չի էլ եղել. Շվեդիան այն երկիրն է, որտեղ քաղաքացիները վստահում են իրենց ղեկավարներին։
Շվեդների համար կարանտինային խիստ կանոններ պետք չէ. օրինապահ լինելու համար նրանք կառավարությունից հորդորներ չեն սպասում։ Լուսինեն արդեն հասցրել է գնալ կինոթատրոն.
«Ես շատ եմ սիրում գնալ կինոթատրոն ու մի քանի անգամ գնացել եմ, բայց կարող եմ ասել, որ մեծ դահլիճում՝ 200-150 տեղանոց ընդամենը մի քանի տոմս է վաճառված։ Եթե շատերը ցանկանային գալ, մեկ է` չէին վաճառի. Կարելի է վաճառել միայն 20 %-ը»,- Լուսինեն պատմում է, թե ինչպես է անցել իր երեկվա օրը։


Շաբաթվա մեջ մի քանի անգամ առաջին անհրաժեշտության իրեր, ուտելիք է գնում, տանում ծնողներին, թողնում սոցիալական հեռավորության վրա։ Շփվում են հեռախոսով, պատրաստած ուտելիքի համը փոխանցում՝ օնլայն։
Միակ արգելքը, որ Շվեդիան, այսպես ասած պարտադրել է իր քաղաքացիներին 50 հոգուց ավելի հավաքներն են։ Դիմակներ դնել, այստեղ չի խրախուսվում։
Իսպանիայում վերջին յոթ շաբաթվա դադարից հետո փողոցները լիքն են, չնայած՝ երեխաներին թույլատրվել էր դուրս գալ փողոց դեռ երկու շաբաթ առաջ։ Գերմանացիները նույնպես երեկվանից տնից դուրս եկել են, իսկ ավստրիացիները կարող են իրենց թույլ տալ գնալ նաև հագուստ գնելու ու սրճարաններում մի–մի գավաթ ըմպելու։
Կյանքը կարանտինից հետո կամաց–կամաց վերադառնում է, բայց այլ կանոններով։