Կյանքը կարանտինից հետո․ առաջին քայլեր


COVID–19 –ն իր «ցանկությունով» վերափոխում է աշխարհը, մասնագետների վերլուծությունները թույլ են տալիս ենթադրել, որ հիմնական փոփոխությունները դեռ առջևում են։ «Հետհամավարակային աշխարհ»․ սա նոր տերմին է, որ շրջանառության մեջ է մտնում։
Այս փուլում է արդեն նաև Հայաստանը, և տարբեր հարթակներում քննարկվում են նոր մոտեցումներն ու կարգավորումները, թե ինչպես ենք ապրելու համավարակից հետո: Այս «հետո»–ն նույնպես դեռ հարաբերական հասկացություն է, քանի որ ցանկացած պահի՝ կապված ցուցանիշներից, կարող ենք վերադառնալ խիստ ռեժիմի։
Մի քանի նոր նախաձեռնություններ, ծրագրեր և կանխատեսումներ ապագա շրջանի համար արդեն պատրաստ են։ Գործադիր իշխանության ներկայացուցիչները դրանք ներկայացրել են օրենսդիրներին, նրանք իրենց հերթին մշակած մի քանի փաստաթղթեր ունեն, որոնք ուղարկվել են նախարարություններ։ Անելիքները մի քանի ուղղություններով են՝ առողջապահություն, տնտեսություն, սոցիալական ապահովություն։
COVID-19–ի հետ ամիսներ շարունակ ամեն օր «ծանոթանալուց» հետո վարակը շարունակում է մասնագետների համար անխանխատեսելի մնալ, դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում հստակ կանխատեսումներ չկան։ Ամենաարդիական հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք կորոնավիրուսը կրկնվում է։ Հայաստանում այս խնդրին արդեն բախվել են` հաստատում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ունեցել ենք 3 դեպք, երբ առողջացածներին տուն ուղարկելուց հետո կրկին նրանց մոտ վիրուս է հայտնաբերվել։ Այժմ նրանք նորից մեկուսացված են։ Սակայն այստեղ ամեն ինչ միանշանակ չէ։


«Հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում և ամեն օր մենք թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում, թե արդյո՞ք դա կրկնակի վարակ է, թե՞ պարզապես եղել է կամ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմի մեջ հետո ակտիվացել է կամ հիմա ամեահավանական վարկածը, որ գիտական հանրությունը ընդունում է, դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ–ն առկա է նրա բջիջների մեջ և մենք պարզապես թեստավորելուց հայտնաբերում ենք»,- ասաց Թորոսյանը։
Թեև այսօրվանից արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների մի մասը հանված է, մասնագետները կարևոր են համարում զգուշացնել՝ զգոնությունը պետք է պահպանել թե տանը, թե դրսում, թե աշխատավայրում, եթե չենք ցանկանում նորից վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին։ Հակառակ նրան, որ COVID-19 անկանխատեսելի է, հայտնի չէ, թե որքան կտեւի համաճարակը, բայց մոտավոր սպասելիք կա․
«Դրա երաշխիքը ոչ մեկը չունի՝ մեկ կլինի, թե երկու։ Պարզապես համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով՝ աշուն–ձմեռ- գարուն և ևս մեկ աշուն–ձմեռ–գարուն ցիկլայնությունը հաշվի առնելով ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո համավարակը կամ կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա կամ մենք կունենանք դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ»,- նշեց Թորոսյանը։
Հավանական սցենարներից նախարարը համարում է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10 հազար։ Նախարարի խոսքով՝ եթե մայիսի վերջին ունենանք այդքան դեպք, ապա առողջապահական համակարգը պատրաստ է կառավարել, բայց եթե կորցնենք զգոնությունն ու զգուշավորությունը, ապա դեպքերը կարող են ավելի լինել, իսկ դա նշանակում է հիվանդության բռնկում, որին առողջապահական համակարգը ֆիզիկապես չի կարողանա դիմակայել՝ զգուշացնում է նախարարը։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մոտ մեկ ամիս առաջվա գնահատականով՝ Հայաստանում կարող է կորոնավիրուսի վարակվածության մինչև 500 հազար դեպք գրանցվել։ Արդյունքում` կլինեն հազարավոր մահեր: Դա վատագույն սցենարն է Հայաստանի համար, որը մինչ այս պահը կարողացել ենք շրջանցել։
«Օդափոխությունն է, դիմակ կրելն է, եթե վատառողջ ես կամ պետք է շատ մոտիկից շփվես ինչ- որ մեկի հետ, կամ դեմքը փակելը փռշտալուց կամ հազալուց։ Հենց այս ամենը ապակենտրոն պայքարն է։ Չպետք է լինի հրաման ինչ- որ մի տեղից կամ մշտական ցուցում այս կանոնները պահելու համար»,- ասաց Առողջապահության նախարարը։
Վերջին ամիսների ընթացքում Հայաստանը արագորեն կարողացել է ինքնաբավ դառնալ անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության տեսանկյունից։ Հայաստանը չի ունենա ալկոգելերի, բժշկական երկշերտ դիմակների, հատուկ հանդերձանքի, ՊՇՌ թեստերի խնդիր։ Այս ամենը արդեն արտադրվում է Հայաստանում։ Առաջիկայում փորձ է արվելու արտադրել անգամ FFP՝ հատուկ, կոշտ և բարձրորակ դիմակները։ Սրանք, սակայն, պետք է օգտագործել և երբեմն դա պետք է հասկանան նաև բուժաշխատողները։ Արսեն Թորոսյանին հայտնի են դեպքեր, երբ բժիշկները հիվանդների հետ շփվելիս պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, իսկ միմյանց հետ շփման ժամանակ՝ ոչ։ Արդյունքում՝ վարակել են իրար։
Արտակարգ ռեժիմի թուլացմանը զուգահեռ իրականացվում են օրենսդրական փոփոխություններ ՝ հետագայում լոկալ խնդիրների լուծման նպատակով իրավունքների խախտում թույլ չտալու համար։ Փոփոխություններից մեկը վերաբերում է «Բժշկա–սանիտարական անվտանգության մասին» օրենքին։
«Փոփոխության անհրաժեշտությունը հիմնականում կայանում է նրանում, որ արտակարգ դրության ավարտից հետո կառավարությունն ունենա լոկալ միջոցառումների գործիքակազմ։ Խոսքը օրինակ՝ աշխարհագրական լոկալ սահմանափակումների մասին է, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործող որոշ անձնական սահմանափակումներ հիվանդությամբ պայմանավորված՝ հնարավորություն ունենա կիրառել նաև առանց արտակարգ դրության։ Խոսքը մեկուսացման, ինքնամեկուսացման և բուժման մասին է»,- նկատեց Արսեն Թորոսյանը։


Առողջապահական և օրենսդրական ուղղություններից բացի մշակվել են նաև սոցիալական ծրագրեր։ Գործազրկության նվազեցման համար առաջիկայում գործարկվելու է երկու ծրագիր՝ մեկը գործատուներին խրախուսելու, մյուսը՝ գյուղական խոցելի ընտանիքների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյան․«Նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի 60 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 85 հազար դրամը, որի մեջ կներառվի նաև սոցվճարների, դրոշմային կնիքների և մյուս պարտադիր վճարները։ Նախնական նախատեսում ենք 500 շահառուի համար իրականացնել ծրագիրը, սակայն շահառուների թիվը մեծ հավանականությամբ կմեծացնենք։ Միակ պայմանը, որ շահառուն չպետք է ընդունվի աշխատանքի իր նույն գործատուի մոտ, որտեղից ազատվել է մարտի 16–ից հետո, որպեսզի խուսափենք հնարավոր չարաշահումներից։ Զբաղվածության երկրորդ ծրագիրը վերաբերում է վարձատրվող հասարակական ծրագրերի ընդլայնմանը, վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը լրացրել ենք՝ անտառների վերականգնում, անտառապատում, անտառների խնամքի իրականացման աշխատանքեր։ Գյուղական համայնքներում խոցելի ընտանիքների և բնակիչների համար կապահովենք ժամանակավոր զբաղվածություն»։
Աջակցության և խթանման մի քանի ծրագիր դեռ մշակման և ուսումնասիրության փուլում են։