Քաղաքական մեծամասնությունը ԼՀԿ–ին առաջարկում է գտնել «պահված» գումարը


Երեկվա բուռն քննարկումներից հետո խորհրդարանն այսօր շարունակել և ավարտել է արտահերթ նիստը։ Կառավարության առաջարկած օրակարգային 3 հարցերն ընդունվել են, թեև միասնականություն քննարկումներում և քվեարկություններում չի եղել։
Համավարակի պատճառով առաջացած սոցիալ–տնտեսական խնդիրներին հակազդելու համար գործադիրին անհրաժեշտ են լրացուցիչ «գործիքներ», որոնք նախատեսվել են «2020 թվականի պետական բյուջեի մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում և Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով։ Բովանդակային քննարկմանը զուգահեռ պատգամավորները շարունակել են երեկվանից սկսած պարզաբանումները, բայց՝ ավելի զուսպ մթնոլորտում։
«Բարգավաճ Հայաստան»–ը, ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահերը, այս փուլում ակնհայտ առճակատման չի գնում, ինչպես դա անում է «Լուսավոր Հայաստան»–ը։ Համավարակի պայմաններում կառավարության քայլերը ԲՀԿ–ում բավարար չեն համարում, բայց կողմ են քվեարկում այն բոլոր նախագծերին, որոնք առաջարկում է գործադիրը՝ կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքներին հակազդելու համար։


«Բարգավաճ Հայաստան» –ը կայացրել է քաղաքական որոշում՝ տեղեկացրեց Միքայել Մելքումյանը․
«Սա ճաշակի ու նախասիրության հարց չէ, որ կառավարության ճաշակով պայմանավորված գնանք մի 10 ուղղություններով։ Այդ առումով ԲՀԿ–ն այս նախագծին կողմ է քվեարկելու՝ստորադասելով իր քաղաքական կոնյուկտուրան, կուսակցական շահը՝ հօգուտ ժողովրդի շահի։ Վեկտորը նույնն է՝ պետք է գնա այդպես, բայց, միևնույնն է, շատ խնդիրներ կան։ Այն, ինչ դուք կանխատեսել եք որպես անկում, չափազանց փոքր է այս պայմաններում։ Չեմ ուզում համեմատել 2008–ի հետ, երբ կառավարությունը բերել էր 9.2% աճ 2009–ի համար և ունեցանք –14.1%։ Այսինքն՝ 23% ընդհանուր անկում գնաց»։
ԲՀԿ–ի տնտեսական վերլուծությամբ՝ ընդամենը մի քանի ամիս հետո՝ հնարավոր է սեպտեմբերին, կառավարությունը կրկին դիմելու է խորհրդարանին՝ արդեն ավելի բարձր տնտեսական անկման պայմաններում բյուջեում վերադասավորումներ անելու համար։


380 հազար քաղաքացի համավարակի փուլում ստացել է տարբեր չափի դրամական աջակցություն, սրան գումարվել է նաև կոմունալների վարձավճարների փոխհատուցումը, 300 գործարար վարկավորում է ստացել 21 միլիարդ դրամի չափով։ Սա արդեն տրված օգնության մի մասն է, որը շարունակական է լինելու՝ խոստանում են կառավարությունը և խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը։ Մինչդեռ խորհրդարանի ամենափոքր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»–ի պատգամավորները շարունակում են պնդել, որ բյուջեում կան պահուստներ, որոնք կարող էին պարզապես բաժանվել քաղաքացիներին, ասենք՝ 100 հազարական դրամի չափով։ Էդմոն Մարուքյանը թվեր է հրապարակում, խորհրդարանական մեծամասնությունը փորձում է գտնել դրանք։ Ի վերջո խորհրդարանական մեծամասնության անունից առաջարկ ուղղվեց «Լուսավոր Հայաստան»–ին։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկը հստակ է՝ ցանկացած օր, ցանկացած ժամի հրավիրում է «Լուսավոր Հայաստան»–ի գործընկերներին՝ թուղթ ու գրիչով, պարզ հաշվարկով գտնելու «պահված» և քաղաքացիներին չբաժանվող գումարը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջաջուղազյանն իր հերթին պնդում է՝ օգնություն ստանալու են բոլոր անձինք, որոնք տուժել են համավարակի պատճառով, քննարկում և քննարկելու են բոլոր առաջարկները։ Այստեղ էլ Մարուքյանն ամբիոնին մոտեցավ «ապացույցներով»․ մարտի 31–ին կառավարությանը ներկայացրել էր իր աղմուկ հանած առաջարկը, որը, ասում է՝ չեն քննարկել։ «Լուսավոր Հայաստան»–ին չի գոհացնում նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում լրացումը։ Դեմ են քվեարկել՝ առաջարկում տեսնելով հստակ վտանգ։


Էդմոն Մարուքյան․ «Առողջապահության նախարարը, ըստ այս նախագծի, կարող է մարդ մեկուսացնել, այդ թվում նաև՝ կիսաբանավոր ցուցումներով , և որևէ արդյունավետ բողոքարկման ընթացակարգ գոյություն չունի»։
ԼՀԿ պատգամավորները կանխատեսում են, որ սա կարող է մարդու իրավունքների միջազգային դատարանում Հայաստանի դեմ բողոքների հիմք դառնալ։ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանում է․
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11–րդ հոդվածի 1–ին մաս․ անձինք ունեն դատական պաշտպանության իրավունք։ Վարչական դատավարության օրենսգրքի 83–րդ հոդված․ նախատեսում է վարչական ակտի կասեցման հնարավորությունները։ Եթե վարչական ակտը չի կասեցվի 83–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետով նախատեսված անհապաղ կատարելու հիմքով, ապա նույն հոդվածի 2–րդ մասով անձը իրավունք կունենա միջնորդել կասեցնելու վարչական ակտը։ Դատարանը այդ միջնորդությունը պետք է քննի 3–օրյա ընթացքում։ Արդյունավետ է, արդյունավետ չէ՝ դուք որակումը տվեք»։
«Լուսավորականներն» իրենց դիրքորոշումը հայտնեցին դեմ քվեարկությամբ, ԲՀԿ–ն ու «Իմ քայլը» աջակցեցին կառավարությանը՝ համավարակի հետևանքների դեմ պայքարում լրացուցիչ գործիքներ տրամադրելով։