Ծաղկեփունջ ու ծափեր․ կորոնավիրուսը հաղթահարած պացիենտի դուրսգրումը


Արտաշատի Բժշկական Կենտրոնը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած պացիենտի դուրս գրումից։
«Մեր թիմի ևս մեկ կարևոր հաղթանակը․ Կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասված է գրառման մեջ:
Ըստ ԲԿ-ի տարածած հաղորդագրության՝ երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը:
«Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտն ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված: Նրան կենտրոնից այսօր ճանապարհեցին ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով»: