Գավառի քրեական քրոնիկոնը


Գավառի քրեական քրոնիկոնը սկսվեց ապրիլի 28-ին․ Ոստիկանության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Գավառ քաղաքում ժամը 17։40–ին կրակոցներ են հնչել, որի արդյունքում 2 մարդ մահացել է, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպը տեղի էր ունեցել Գավառի համալսարանի շրջակայքում։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին Lada և Niva մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կրակոցի հետքեր են եղել են:
Ավելի ուշ հայտնի դարձավ մահացածների ինքնությունը՝ Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյան և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյան։ Այնուհետև գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի վիզը կտրել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գավառում գիշերը տեղի ունեցած դեպքերին՝ գրառման մեջ նշելով նաև հետևյալը՝ Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։
Գավառի համալսարանի հարևանությամբ՝ փոխհրաձգության արդյունքում երեկ երկու մարդ սպանվեց, չորսին տեղափոխեցին տեղի բժշկական կենտրոն, որտեղ էլ ավելի ուշ՝ ժամը 21։30-ի սահմաններում ծավալվեցին հետագա իրադարձությունները։ Ուշ երեկոյան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ «Հայկական ժամանակին» փոխանցած տեղեկատվությունից պարզեցինք, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետը նշել էր, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել դռներն ու պատուհանները: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Գնել Սանոսյանը մանրամասնեց․
«Հիվանդները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, այստեղ հավաքվել են մեծ թվով հարազատներ, ընկերները, որոնք նաև հետագայում ուժ գործադրելով ոստիկանության և բուժանձնակազմի նկատմամբ ներս են մուտք գործել և վնասել երկու վիրավորների, ովքեր այդ հրաձգության մասնակից են եղել»։
Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանի փոխանցմամբ՝ հիվանդանոց ներխուժածները հիվանդասենյակում գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր ու մարմնական այլ վնասվածքներ։


Տեղեկությունների համաձայն հարձակումից տուժել են հատկապես հիվանդասենյակում գտնվող Արմեն և Դավիթ Հայթյան եղբայրները, որոնք համալսարանի շրջակայքում տեղի ունեցած հրաձգությունից հետո փախուստի դիմելիս ավտովթարի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։ Գավառի բժշկական կենտրոն այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ հարձակման հետևանքով վիրավոր անձինք տեղափոխվել են Երևան և գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։
«Բարեբախտաբար բժշկական անձնակազմից վնասվածքներ ստացածներ չկան։ Միանշանակ դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում, հատկապես բժշակական կենտրոնում, որովհետև փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից եկել են, այլև հիվանդսանոցում բուժվող մյուս հիվանդները»։


Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցածը ԱԺ-ի այսօրվ ա նիստում դատապարտել է նաև ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը․
«Երևի թե այս ամբիոնից ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ բոլորին, որ արտակարգ դրության ժամանակ կատարված հանցագործությունների նկատմամբ կիրառվում է ավելի խիստ ռեժիմ, քանի որ դա դիտարակվում է որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք»։
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի ու սպանությունների փաստով կան ձերբակալվածներ։ Նշենք, որ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գավառում տեղի ունեցած միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել։


Ինչ վերաբերում է ողբերգական դեպքի դրդապատճառներին, ապա մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գավառում տեղի ունեցածը քրեական աշխարհի հետ առնչություն չունի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեռ երկու ամիս առաջ երկու անչափահաս իրար հետ վիճել են, որից հետո դանակահարել են իրար։ Դեպքից ամիսներ անց մեծահասակներն են որոշել հարցերը լուծել, և անչափահասներից մեկի կողմից Արմեն և Դավիթ Հայթյանները, իսկ մյուսի կողմից` Զորիկ Պարոնիկյանն ու Վահե Ավետիսյանը, հանդիպել են իրար։ Հանդիպման ավարտը արդեն հայտնի է։