ԿարևորՏնտեսական

Գյուղվարկերի քանակը մի քանի անգամ ավելացել է

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագիրն ունի գյուղատնտեսական ուղղվածություն։ Առաջարկվող փաթեթների մեծ մասը նախկինում գործող ծրագրերն են՝ առավել մատչելի պայմաններով՝ 0 տոկոս տոոկսադրույքով, ինչպես նաև  պետության 30-ից մինչև  70 տոկոս համաֆինանսավորմամբ։

Ծրագրի հաստատումից  հետո  գյուղանտեսական  աջակցության բոլոր ծրագրերի շահառուների թիվը մի քանի անգամ ավելացել  է։ Երկրորդ միջոցառման շրջանակում   շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5 500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Կառավարության առաջարկած գործիքներից  հատկապես ակտիվ օգտվում են ինտենսիվ այգեգործությամբ, կաթիլային ոռոգմամբ զբաղվող ընկերությունները։  Մեծ է նաև պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպությունների հետաքրքրությունը։

Կանադայից՝  Հայաստան․ «Ռադիոլուրի» զրուցակիցը  2015թ օգոստոսին է Տորոնտոյից  հայրենիք վերադարձել։ Կարեն  Մկրտչյանը Հայաստանում  մասնավոր ու պետական համակարգում աշխատելուց հետո որոշել է սեփական  բիզնեսով զբաղվել։  Հիմնադրամ է ստեղծել, որը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, նաև՝ գյուղոլորտում։  «Ծիրանուտ»  ընկերության  տնօրենը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի  շահառու է, անհրաժեշտ  գյուղտեխնիկան  ձեռք է բերել  լիզինգի ծրագրով՝ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայից․ կվճարի միայն մայր գումարը, վարկի տոկոսները կմարի պետությունը։

«Մենք կարողացանք տրակտոր, սրսկիչ և խոտաղաց ձեռք բերել։ Ճիշտ ժամանակն էր դրանք ձեռք բերելու։ Բավականին մեծ այգի ունենք, սա մեծ աջակցություն էր, որ չկորցնենք ժամանակն ու սեզոնը»,- ասնում է Մկրտչյանը։

Զրուցակիցս նշում է՝  գումարը արագ է փոխանցվել, վարկը տրամադրվել է ճիշտ ժամանակին։ «Վարկը վերցրել ենք 6 տարի մարման ժամկետով, զրո տոկոսով։  20 տոկոս կանխավճար ենք մուծել»։

Հայաստանի զարգացման և ներդրումների  կորպորացիայի ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանն   ընդգծում է՝  գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագիրը բավական ակտիվ  գործում է։  Դրա միջոցով գյուղացիները կարողանում են առանց տոկոսի վարկերով տեխնիկա ձեռք բերել ։ Հիմնադրամն էլ  տեխնիկան  ապահովագրում է վնասվածքի ու կորստի ռիսկերից։

«Հաշվի առնելով սեզոնայնությունը՝  շահառուներին հնարավորություն ենք տվել վեց ամիս արտոնյալ  ժամանակ ունենալ վճարումների մասով։ Ծրագիրը բավականին ակտիվ է։ Հայտերի քանակը 3-4 անգամ ավելացել է կառավարության որոշումից հետո»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը։

Կառավարության առաջարկած գործիքներից  հատկապես ակտիվ են օգտվում ինտենսիվ այգեգործությամբ, կաթիլային ոռոգմամբ զբաղվող ընկերությունները։  Մեծ է նաև պտուղ–բանջարեղեն մթերող կազմակերպությունների հետաքրքրությունը ՝ ասում է Հայկ Հովհաննիսյանը․     

«Գյուղատնտեսության ոլորտին նաև 3-15 մլն դրամ վարկեր ենք տրամադրում՝ մինչև 5 տարի մարման ժամկետով, մեկ տարի արտոնյալ ժամանակով։ Այս վարկատեսակների տոկոսադրույքները նույնպես պետությունն է սուբսիդավորում։ Ոլորտը բազմազան է, կարևոր է, որ գումարներն ուղղվեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,- նշում է Հովհաննիսյանը։

Նա մանրամասնում է՝ պայմանագրերը կնքելիս տոկոսադրույքը սահմանվում է, միաժամանակ նշում է, որ այն  սուբսիդավորելու է պետությունը։    

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդգծում է՝  գյուղատնտեսության ոլորտում  կարևորում  են ոչ միայն բերքի առաջնային արտադրությունը, այլ նաև  վերամշակումը։ Հենց այդ նկատառումով լիզինգի ծրագրում լրացումներ են կատարվել։  

«Ծրագիրն ընդգրկում է նաև սառնարանային, ջերմոցային տնտեսությունները, գյուղատնտեսական նշանակության պահեստային տարածքները, մոդուլային սպանդանոցները։ Բոլորին ներառել ենք, որ օգտվեն ու զարգացնեն իրենց հետբերքահավաքային կարողությունները»,- ընդգծում է Արման Խոջոյանը։

Կորոնավիրուսի համավարակից  հետո կառավարությունը որոշեց գյուղատնտեսական  աջակցության գործող բոլոր ծրագրերի տոկոսադրույքները սուբիսդավորել։ Ստացվում է, որ գյուղացին բանկից պարզապես պարտք է վերցնում։  Բացի գործող ծրագրերից՝  ֆիզիկական անձանց երկու այլ նոր  գործիք էլ է  առաջարկվում՝  մինչև 1 մլն դրամ միկրովարկեր և 3-ից 15 մլն դրամ վարկեր՝ խոզաբուծությամբ ու  թռչնաբուծությամբ զբաղվելու համար։ Վերջինի դեպքում ոչ միայն վարկի տոկոսադրույքն է զրոյական , այլ նաև  պետության կողմից համաֆինանսավորվում է  մայր գումարի 30 տոկոսը։    

Back to top button