ԿարևորՏնտեսական

Փոքր ու միջին բիզնեսը կշահի, եթե ավելի ճկուն գտնվի

Համավարակի բացասական հետևանքներն արդեն տեսանելի են   փոքր ու միջին բիզնեսի ոլորտում։ Վտանգ կա, որ մի շարք ընկերություններ  համավարակից հետո չեն կարողանա վերականգնել իրենց բնականոն գործունեությունը։

Դրանից խուսափելու համար  մասնագետներն առաջարկում են, օրինակ, փոխել ձեռնարկատիրական գործունեության ուղղությունը։  160 ընկերությունների շրջանում Գործատուների միության իրականացրած հարցման  արդյունքում  պարզվել է, որ ընկերությունների  34 տոկոսը փորձել է փոխել իր ձեռնարկատիրական ուղղությունը։ Ըստ մասնագետների՝ սա տպավորիչ  ցուցանիշ է։

Համավարակի շրջանում  բարդ իրավիճակում է հայտնվել  հատկապես փոքր  ու միջին բիզնեսը։ Զբոսաշրջային ընկերություններն առհասարակ պարապուրդի են մատնվել։ «Րիկկո տուր» ընկերության գործադիր տնօրեն Հասմիկ Գրիգորյանն ասում  է, որ այս շրջանում չեն աշխատում, բայց նախկինում բազմաթիվ ամրագրումներ են ունեցել ՝ հիմնականում դեպի Եվրոպա ուղղություններով, և այս պահին լուրջ խնդրի առաջ են․

«Մարդիկ եկել և հետ են ուզում իրենց ամրագումների գումարը, որը արդեն փոխանցել ենք ընկերություններին։ Այդ ընկերությունները հետ չեն փոխանցում  գումարը, այլ տրամադրում են տարվա մեջ որոշակի ժամանակահատված, երբ քաղաքացին կարող է մեկնել և օգտվել այն գումարից, որը ամրագրել է։ Մարդիկ հիմա հետ են ուզում գումարը՝ ասելով , որ չեն ուզում այն սառեցնել, կամ փոշմանել են,  չեն ուզում մեկնել»,-ասում է Գրիգորյանը։

Ֆինանսական խնդիրներին զուգահեռ կան հարկային պարտավորություններ, տարածքի վարձակալության համար անհրաժեշտ վճարների մարման խնդիր։ Գայանեի խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսին ուղղված կառավարության աջակցության ծրագրերից ևս զբոսաշրջային շատ ընկերություններ չեն օգտվում, քանի որ սահմանված հարկային արտոնություններից կարող են օգտվել միայն  տարեկան մինչև 25 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունները։

«Մենք չենք օգտվում հարկային արտոնություններից, որովհետև մեր շրջանառությունը շատ ավելի մեծ է, այսինքն՝ մենք նորմալ հարկատու ենք։ Դրա հետ մեկտեղ մենք ստիպված հանձնելու ենք տարածքը, որտեղ արդեն մի քանի տարի աշխատում ենք, և վերաբացվելուց հետո մարդիկ չեն իմանալու մեր տեղը։ Դա ևս խնդիր է»,-նշում է Գայանեն։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Գայանեն ևս մեկ խնդիր մատնանշեց․ բանկերը վարկերը տրամադրում են հիմնականում գույքի դիմաց, իսկ զբոսաշրջային ընկերություններից քչերը կարող են տրամադրել այդ գույքը։ Ոչ միայն զբոսաշրջային ընկերությունների, այլև առհասարակ  փոքր ու միջին բիզնեսի ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ  զրուցեցինք։  Զբոսաշրջության ոլորտում նրա կանխատեսումները, բնականաբար, բացասական են։

Ըստ նրա՝ անզեն աչքով էլ  տեսանելի է, որ շարժ այս ոլորտում երկար ժամանակ դեռ չենք ունենալու․

«Փոքր բիզնեսը մեզ մետ հիմնականում երկու-երեք ոլորտներում է ներառված՝ առևտուր, սպասարկում, որի մեջ մտնում են նաև տուրիստական գործակալությունները։ Արդեն ակնհայտ  է, որ նախորդ տարիներին պլանավորված հոսքերը չեն լինելու, հետևաբար պետք է ենթադրել, որ փոքր ու միջին ձեռնարկատերերը շատ են տուժելու, և մի մասն էլ կարող է ընդհանրապես չկարողանա իր գործունեությունը վերականգնել, եթե չանցնի նոր ուղղությունների»,- ասում է Գագիկ Մակարյանը։

Ինչ վերաբերում է առևտրի ոլորտին, Մակարյանի բնորոշմամբ՝ այստեղ սելեկցիոն  մոտեցումն է գործում․ քիչ թե շատ կօգտվեն այն ընկերությունները, որոնք նաև համավարակի ընթացքում սպառվող ապրանքների իրացմամբ են զբաղվում։ Կտուժեն հատկապես խոշոր ապրանքների առևտրով զբաղվողները։ Գումար չուենալու պատճառով շատերը կխուսափեն շռայլ գնումներից, մեծ ծախսերից։

«Կսառի կամ խիստ կպակասի, օրինակ,  սառնարանների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների կամ  նման այլ պարագաների վաճառքը։ Մարդիկ եղածով կփորձեն յոլա գնալ և նման շռայլություններ իրենց թույլ չեն տա»,- նշում է Մակարյանը։

Նրա գնահատմամբ՝ փոքր ու միջին ձեռնարկություններից շատերը գուցե համավարակից հետո չկարողանան վերականգնել իրենց   գործունեությունը, եթե չանցնեն  նոր ուղղությունների։ 160 ընկերությունների շրջանում Գործատուների միության իրականացրած հարցումների արդյունքում  պարզվել է, որ այս պահի դրությամբ նրանց 34 տոկոսը փորձել է փոխել իր ձեռնարկատիրական ուղղությունը։

Ըստ Մակարյանի՝ սա տպավորիչ  ցուցանիշ է։ Ըստ գործատուների միության նախագահի, այս պահին չափազանց կարևոր է նաև պետական աջակցությունը։

«Ես նկատի չունեմ միայն 14 ծրագրերը, նկատի ունեմ, թե արդյոք կառավարությունը կգնա  մեր առաջարկների ընդունմանը։ Մենք առաջարկել ենք խտացնել գնումների գործընթացը և 2020-ի գնումների ամբողջ գործընթացը իրականացնել առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում ու  կարևորել հատկապես տեղական արտադրողներին ուղղված գնումները»,- ասում է Մակարյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունն անցյալ  տարի սկսեց ու դեռ ավարտին չի հասցրել երկու կարևոր ռազմավարությունների ընդունումը։ Խոսքը առաջիկա հինգ տարիներին  փոքր ու միջին բիզնեսի զարգացման, ինչպես նաև արդյունաբերության  զարգացման ռազմավարությունների մասին է։ 

«Նախկին տեսքով դրանք այլևս չեն կարող կյանքի կոչվել։ Դրանցում անպայման պետք է ներառվեն համավարակի հետևանքների հաղթահարման գործիքակազմ պարունակող մեխանիզմները»,-կարծում է գործատուների միության նախագահը։

Back to top button