ԿարևորՀասարակություն

Արմավիրի փողոցներն ու զբոսայգին կանաչ են հագնում. տնկվել է 500-ական ծառ ու վարդի թուփ

«Ծառատունկ-Հայաստան» հիմնադրամն Արմավիր քաղաքին նվիրել է 500 ծառ, որոնք տնկվել են Արմավիր քաղաքի զբոսայգում ու անցած տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգված փողոցների մայթեզրերին: Համայնքի բյուջեի միջոցներով ձեռք են բերվել 500 վարդի տնկիներ և 2000 ծաղկած ծաղիկների սածիլներ: Բարեկարգման աշխատանքներին ներգրավված են նաև այլընտրանքային զինծառայողները:

Բնությունը վաղուց արթնացել է, ծառերը կանաչել, բայց ինքնամեկուսացման պատճառով շատերս չկարողացանք զգալ բնության զարթոնքն ու վայելել գեղեցկությունը: Փոխարենը բարեկարգման ու կանաչապատման աշխատակիցներն ավելի հանգիստ պայմաններում անցել են գործի՝ ծառ ու ծաղիկ են տնկում, մաքրում կանաչ տարածքներն ու ձևավորում թփերը: Ոռոգման ընթացքում խոչընդոտներ չունենալու համար՝  մաքրում են առուներն ու նորատունկ ծառերի բներն  ազատում ավելորդ խոտերից: Զբոսայգու վերահսկիչ Ավետիս Մատինյան.

 «Շաբաթը 2 անգամ էլ սրսկումներ ենք անում, նստարանները, ծառերի նեկում, սրսկում: Ծաղկադրումներ ենք դրել, էս ծառերը նոր ենք տնկել: Այ էս ծաղիկներ են, դեմը՝վարդեր, ծառեր ենք տնկելու: Հիմա մաքրություն ենք անում, որպեսզի հեշտ ջրվի, ասենք՝ խոտերը չխանգարի»:

Արտակարգ դրության պայմաններում Արմավիրի  «Բարեկարգում» տնօրինության  աշխատանքը չի ընդհատվել՝ մաքրել են, աղբահանել ու ախտահանել բնակավայրը:

Արդեն մեկ  ամիս սկսվել է ծառատունկը: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ տնկիները նվիրել է  «Ծառատունկ-Հայաստան» հիմնադրամը, իսկ քաղաքապետարանի բյուջեի միջոցներով  ձեռք են բերվել վարդի տնկիներ ու  ծաղկած հիբրիդային ծաղիկներ.

«Արդեն 500-ից ավել ծառեր ու թփեր են տնկվել: Տնկվել են և՛ զբոսայգում, և՛ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատած փողոցներում, նաև համայնքապետարանը ձեռք է բերել 2000-ի կարգի արդեն ծաղկած ծաղիկներ և 500-ի կարգի՝ վարդեր»:

Վարդի տնկիներն ու ծաղիկները տնկվել են քաղաքային զբոսայգում, Շառլ Ազնավուրի պուրակում, Կարմիր  կամրջի տարածքում և կենտրոնական փողոցում:

Քաղաքի բարեկարգման աշխատանքներում է ներգրավված  բանակում ծառայելու փոխարեն  այլընտրանքային աշխատանքի անցած Հակոբ Հակոբյանը, նա կրոնական կազմակերպության հետևորդ է. 

«Երկու տարի է աշխատում եմ, մեր քաղաքի համար սիրով եմ անում՝ կանաչապատում, աղբահանություն: Լավ գործ ենք անում՝ տնկում ենք, ջրում ենք: Դրա մեջ, կարծում եմ, ոչ մի վատ բան չկա»:

Մի կողմից  սիզամարգերն են մաքրում, փորում, մյուս կողմից  վարդերն են տնկում ու ջրում:  Աշխատանքները վերահսկող  «Բարեկարգում» տնօրինության ճարտարագետ Արմեն Հարությունյանը  սյուներին փակցնում էր «Տարածքը տեսահսկվում է» նախազգուշացնող գրությունը: Նախորդ տարվա փորձից ելնելով էր դա անում՝ ծաղիկների սածիլները գողացել էին, մի մասն էլ տրորել, ոչնչացրել:

Ըստ ճարտարագետի, առավոտյան ջրցան մեքենայով  իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Բարեկագման աշխատողների թիվն ավելանում է սեզոնային աշխատանքների ժամանակ:

Պարետի որոշմամբ որոշ սահմանափակումներ վերացվել են, վերսկսվել են շինարարական աշխատանքները: Արմավիրի զբոսայգում կառուցվում է զվարճանքի վայր: Ձմռանը աշխատանքները չեն ընդհատվել, սակայն արտակարգ դրության ժամանակ հայտարարված սահմանափակումների ընթացքում՝ մեկ ամիս չեն աշխատել:  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ տարածքը կառուցապատողին տրվել է վարձակալությամբ.

«Նախապես մրցույթ է հաստատվել, ծրագիրը հանրային քննարկում է անցել՝ մանկական զվարճանքի վայրեր, ատրակցիոներ տեղադրելու համար: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Արտակարգ դրության ժամանակում աշխատանքները, կարծում եմ,  մեկ ամիս հետ են ընկել, թե որ ժամանակ կավարտվի՝ հստակ չեմ կարող ասել: Ես էլ նկատել եմ, որ ամեն դեպքում, էս օրերին աշխատանքները սկսել են»:

Բացի ատրակցիոն խաղերից լինելու է լողավազան, որը ձմռանը կդառնա սահադաշտ:

Back to top button