ԿարևորՀասարակություն

Որբերի գյուղը. Լուկաշինի հիմնադրման 95-ամյակը

Երկու տարի առաջ Երևանից դուրս գալու ու Արմավիրի մարզի Լուկաշին գյուղ հասնելու հնարավորություն կար։ Այս գյուղի հիմնադրումից 95 տարի անց այստեղ հասնելու հնարավորություն չկա։ Պատճառը` աշխարհը պատած կորոնավիրուսն է։ Հարցազրույցներն արվել են երկու տարի առաջ, նյութը պատարստվել՝ նորից։

1915-ից հետո փրկված որբերի մի մասը եկավ Արևելյան Հայաստան, որտեղ երեք տարի անց պիտի ձևավորվեր Հայաստանի Հանրապետությունը: Այդ որբերից շատերը բավականին փոքր էին:

Տարիներն անցնում էին, իսկ որբերը մեծանում էին ու դառնում չափահաս:

Այն, ինչ տեղի ունեցավ 1925-ին ցեղասպանությունից փրկված երեխաներին նորից միավորեց, այս անգամ հատուկ իրենց համար հիմնադրված գյուղում:

Աիդա Սարգսյանին մինչև այսօր Լուկաշինում հիմնադրի դուստր են ասում: Գյուղ, որտեղ 1925-ին եկան նրա ծնողները: 1915-ին Արևելահայաստանում ապաստանած որբերն արդեն տասը տարի հետո չափահաս էին:

Տիկին Աիդան հիշում է.  մայրը կրթություն չուներ, բայց քանի որ մեծացել էր Ամերկոմի՝ ԱՄՆ  Կոնգրեսի օժանդակությամբ  Հայաստանում գործող որբանոցում, կիրթ էր: Ասում է՝ մորիցս եմ կրթվել:

«Իրենք այնպիսի դաստիարակություն էին ստացել ամերիկյան մանկատանը, որ միայն ու միայն ներկայիս քաղաքակիրթ ընտանիքներում են լինում»,- հիշում է տիկին Աիդան։

95 տարի առաջ այս օրը Լուկաշինում դեռ ոչ ոք չէր ապրում, չնայած՝ 12 բնակելի շենքեր արդեն կային, կար նաև մանկապարտեզի շենքը և ինչպես նաև հիվանդանոցի շենքը, որոնք կառուցվել էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։

1925–ի ապրիլի 26–ին տեղի ունեցավ Լուկաշինի պաշտոնական բացումը։

Լուկաշինի բացմանը ներկա էր ինչպես Ալեքսանդր Թամանյանը, բարձրաստիճան ղեկավարներ, այնպես էլ այն ժամանակ Հայաստանի վարչապետ՝ Ժողկոմխորհի նախագահ Սերգեյ Լուկաշինը։ Հենց նրա պատվին էլ գյուղը կոչվել է Լուկաշին:

Գյուղի ընդհանուր հատակագիծը Ալեքսանդր Թամանյանինն է, ինչպես նաև 12 բնակելի տների, մանկապարտեզի և հիվանդանոցի շենքերինը:

Գյուղի պաշտոնական բացումը ոչ միայն առանձնանում է մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչների ներկայությամբ, այլ նաև մեկ փաստաթղթով:

«Հիմնադրման արարողությունն ընդգրկում էր նաև այդ պարկուճի զմռսումը հողում։ Պարկուճում կար հուշագիր, որի համաձայն թվարկված էին ներկա պաշտոնյաները, այդ ավանի, կամ ինչպես հիմա են ասում, այդ ծրագրի շահառուները՝ որբերը»,– պատմում է Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Հայկ Թամանյանը:

Հետո պարկուճը թաղում են։ Գյուղի տարածքում թաղված փաստաթուղթը 61 տարի անց` 1986 թ. ապրիլի 28-ին`գյուղի գազիֆիկացման աշխատանքների ժամանակ, գտնում են որբերի ժառանգները:

Գյուղն այսօր էլ իր թամանյանական ձեռագրով տարբերվում է, բայց այստեղ էլ խնդիրներն իրենց մասին հիշեցնում են: Շենքերը պատմական նշանակություն ունեն, և վերանորոգման, պահպանության խնդիր կա: Հնաբնակներն էլ տխրում են՝ անցյալի ոգին այլևս  չի կրում գյուղը: Հիմնադիրների ժառանգների մեծ մասը հեռացել է։

Back to top button