ԿարևորՀասարակություն

Հաղթում են այն ժողովուրդները, որոնք ուզում են ապրել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող  պետական հանձնաժողովի որոշմամբ՝ 2015 թվականի  հունվարին կյանքի կոչվեց www.armeniangenocide100.org կայքը՝ բովանդակային տարբեր բաժիններով։  Դրանցից էր  «Այս օրը 100 տարի առաջ»  բաժինը, որտեղ  թերևս առաջին անգամ  փորձ արվեց մեկտեղել հայալեզու և օտար մամուլում 1915 թվականին լույս տեսած  հոդվածները։ Հետազոտությունը պատշաճ գիտական մակարդակով  հրատարակվել է առանձին ժողովածուով։ Ինչպիսի՞ առաքելություն ունի այս ժողովածուն, Հայոց ցեղասպանությանն առնչվող ի՞նչ նոր էջեր է բացահայտում։  

Հարյուր տարի առաջ ամեն մի օր կարելի է վերապրել ընթերցելով այդ օրվա մամուլը։ Այն փոխանցում է ոչ թե պատմության չոր փաստերը, այլ փոխանցում է այն եղերական մթնոլորտը, որում իրականացվել է Մեծ եղեռնը։ 

1915թվականի  մամուլի արձագանքը յուրատեսակ օրացույց է, որտեղ ներկայացվում են  այդ իրադարձությունները ժամանակակիցների կողմից։ 2015-ին ստեղծված www.armeniangenocide100.org կայքի կարևորագույններից էր «Այս օրը 100 տարի առաջ» բաժինը։  Բաժնի էլեկտրոնային շտեմարանը լույս է տեսել երկհատոր ժողովածուի տեսքով։ Նախագծի համակարգող, ժողովածուի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի խոսքով՝  այն  էապես հեշտացնում է ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող  հետազոտողների գործը։

 «Մամուլի այս նյութերը ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանով հնարավոր է վերականգնել  Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը։ Նյութերի մի մասը կամ քիչ հայտնի են, կամ էլ առաջին անգամ դրվեցին շրջանառության մեջ։ Դրանք քաղված են բացառապես բնագրերից»,- ասում է Մանուկյանը։

Գայանե Մանուկյանի խոսքով՝ անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել  1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես օտար մամուլի հրապարակումները։ Դրանց մի մասը պարզապես հասանելի չեն, աշխատության մեծագույն բացը, ըստ զրուցակցիս, արաբական մամուլն է, բայց եղած նյութն  էլ արդեն խիստ արժեքավոր է։

 «Ամենօրյա հրապարակումներով կարելի էր հանդիպել  Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի , շատ ու շատ ուրիշ երախատավորների հոդվածները, կոչերն ու դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում էին օրվա իրավիճակը, այլև պամական տարբեր փաստերի հիման վրա վերլուծություններ են կարծես»,- նշում է Գայանե Մանուկյանը։

Գիտականից զատ աշխատությունը դաստիարակչական նշանակություն ունի, քանի որ մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտերմարանն է նաև։  Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար, ասում է զրուցակիցս։

 «Շուրջ 100 տարի առաջ հրապարակաված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության  նվիրաբերումի օրագրություններ․․․»։

Գայանեի բնորոշմամբ՝ ֆանտաստիկ  էր Վանի «Աշխատանք» թերթը, որը լույս էր տեսնում ինքնապաշտպանության օրերին՝ փոխանցելով այն հերոսական ոգին, որը տիրում էր ազատագրված Վանում։  Տպավորված  է ինքնապաշտպանական մարտերի յուրաքանչյուր դրվագով, նաև ազգապահպանության  նվիրյալ  գործով․ տպավորիչ է ընթերցել, թե ինչպես էին  Արևելյան Հայաստանում ամեն գնով փորձում կազմակերպել  գաղթականների օգնությունը։ Հայրենասիրական ոգին պարզապես թևածում էր մամուլում՝ ստիպելով չընկճվել ու պայքարել հանուն ապրելու։  Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր խմբագրականի հիմքում  նույն ուղերձն էր՝ հաղթում են այն ժողովուրդները, որոնք ուզում են ապրել։

1915 թվականին լույս տեսած  հոդվածներում  եղեռնից սարսափելի տեսարեններ է փոխանցում հատկապես իսպանական մամուլը, որոնց մասին Գայանեն պարզապես գերադասում է լռել։ Իրենց դաժանությամբ աննախադեպ ջարդերի մասին այլ հրապարակումները  ևս շրջանցում է, որովհետև ամենատպավորիչն, ինչպես նշում է, այդուամենայնիվ, այդ օրերին թևածող  հերոսական ոգին է։

 «Եթե չլինեին ինքնապաշտպանական մարտերը և այն հավատը, որ ազատագրված է լինելու հայրենին, չէր լինի այն փառապսակը, որը մեր նախնիները կերտեցին Սարդարապատում, իսկ հետագայում նաև Արցախում»։

Հրատարակչական աշխատանքը ժողովածուով չի սահմանափակվի՝ նախ այն պատճառով, որ  Հայոց ցեղասպանության անդրադարձը՝ թե վկայություններով, թե՛ մամուլի հրապարակումներով չեն սահմանափակվել 1915 թվականի ավարտով։   Հետագայում գուցե մեկտեղվեն նաև ցեղասպանության հետևանքներին առնչվող անդրադարձերը։ Գայանեի խոսքով՝ Ցեղասպանության հետևանք են նաև Սփյուռքի մեր գաղթօջախները, հետևաբար արժե հավաքագրել նաև դրանց ձևավորման վերաբերյալ  նյութերն ու տեղական մամուլի արձագանքները։  «Ի վերջո, այս ամենը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանի հետ և պայմանավորում են նաև նրա ապագան»,- հավելում է զրուցակիցս։ 

Back to top button